Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական կոլապս

Մայիս 08,2020 20:45

Դատաիրավական համակարգը բումերանգ է, որ այսպես, թե այնպես ի վերջո վերադառնում է և կտրում իր նախկին տերերի մատները: Այսօրյա հանրաճանաչ ամբաստանյալներն ու մեղադրյալները վայելում են իրենց իսկ ստեղծած համակարգի բուրմունքն ու գարշահոտը և բողոքում են իրենց իսկ կերտած իրողությունից: Սա չարախնդություն չէ, պարզապես փաստերի արձանագրում՝ առանց ավելորդ մեկնաբանությունների:

Անցնենք ներկայիս իշխանությանը ժառանգություն հասած դատաիրավական համակարգին, որի հետ նրանք նախկինում առնչվել և արդարացի դժգոհել են, սակայն հիմա այն հեծնել և ոչ միայն չեն ցանկանում փոխել, այլ փորձում են հարմարեցնել թամբը, սակայն քանի որ խոսք են տվել իշխանության գալով այն փոփոխել, աննշան փոփոխություններ են կատարում՝ կարծես չհասկանալով, որ մի գեղեցիկ օր, երբ իրենք կրկին հեծյալից վերածվեն հետիոտնի, այն կրկին իրենց քացի է տալու և այս անգամ էլ իրենք են վայելելու ստեղծածի պտուղները:

Հայաստանում մշտապես օրենքի ուժը հարմարեցվել է իշխանությանը և դա երբևիցե չէր կարող տալ դրական արդյունք, ուստի և պետք չէ զարմանալ իրողությունից: Օրենքի առջև բոլորի հավասարությանը երեկ և այսօր հավատում են միայն խեղկատակները: Ներկա իշխանությունը թեկուզ անցնել է համակարգի միջով և հայտնվել պալատներում, այդ ճանապարհը չի հարթում, համոզված է, որ ավերակներում այլևս չի հայտնվելու, մոռանալով, որ աշխարհը կլոր է և գործելով նախկինների սխալը, կոսմետիկ վերանորոգումներ է կատարում, որպեսզի այն հեռվից չփչացնի իրականության արտաքին տեսքը, սակայն համակարգն այնքան է նմանատիպ վերանորոգումների ենթարկվել, որ հիշեցնում է շպարը շպարի վրա քսած կնոջ և արդեն նույնիսկ հեռվից ակնհայտ երևում են նրա դեմքի տհաճ ճաքերը: Ուստի և ակնհայտ է, որ վաղուց եկել է հին շպարները մաքրելու և որակյալ շպարվելու ժամանակը, սակայն դա որևէ մեկին չի հետաքրքրում:

Առաջին ճեղքն իրավապահ համակարգը գրանցեց 1999թ. հոկտեմբերի 27-ին, որը տարավ ազգի լավագույն զավակներին, սակայն իշխանությունը չսթափվեց: Երկրորդ անգամ մենք 2008թ. մարտի մեկին հասկացանք, որ համակարգը պատրաստ չէ իր առջև դրված խնդիրներին: Կրկին անմեղ զոհեր և արդեն անհույս չբացահայտված քրեական գործեր: Հաջորդ զորեղ ճաքը տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ու դրան հետևած Սարի-Թաղի ապստամբության ժամանակ, որը բիրտ ուժի կիրառմամբ տապալվեց՝ կրկին դատապարտվեցին մեղավոր և անմեղներ: Եվ ահա հերթական բացթողումը, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումները, որոնք 2020թ. հունվարին հանգեցրեցին ահասարսուռ ինքնասպանությունների:

Գավառյան իրադարձություններ, որ ուղակի բղավում են օրենքի և օրինականության, իրավապահ համակարգի անզորության մասին: Տապալված քրեական գործեր, որոնք վաղուց արդեն պետք է դատարաններում լինեին, հիասթափված ոստիկանների, քննիչների, ինչու չէ նաև դատախազների ու դատավորների բանակներ, որոնց մեջ թեկուզ և կան կոռուպցիոներներ, սակայն նրանց հետ մեկտեղ կեղտի մեջ թաթախված են նաև ազնիվ մարդիկ, քանի որ հասարակությունը և իշխանությունը հասցեական չի նշում մեղավորների շարքը, կարմիր գիծ չի քաշում, չի բարձրաձայնում մեղավորների, ներվածների և որ ամենակարևորն է իրական նվիրյալների անունները: Այդ մարդիկ հուսահատված են և միայն նվիրվածությունն ու աշխատավարձն է, որ դեռ նրանց պահում է իրենց տեղերում:

Ասում եք նորերը կգան և ամեն ինչ կամաց-կամաց կփոխվի: Ընկերական զրույցի ժամանակ խոսեք յուրաքանչյուր ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի հետ, նկարագրեք իրադարձություն և հարցրեք, թե ինչպես նա կվարվի և այդ մարդը կնշի երկու տարբերակ՝ մեկը օրենքով, մյուսն ըստ քաղաքական իրականության: Ահա այս երկակի ստանդարտներում մենք դեռ ցանկանում ենք, որ այդ մարդիկ լինեն արդար և պատվով իրականացնեն իրենց աշխատանքը, չորս կողմից խլելով նրանց իրավունքները, դարձնելով քաղաքական իշխանության ստրուկներ դեռ ինչ-որ բան ենք պահանջում:

Հարկ է իրականությանը շրջվել դեմքով, ի վերջո քաշել այդ կարմիր գիծը և համերաշխության մթնոլորտում՝ առանց քաղաքական կախվածության, թույլ տալ, որպեսզի այդ մարդիկ կատարեն իրենց աշխատանքը: Հակառակ դեպքում տեղին ու անտեղին պիտակավորելով դատաիրավական համակարգը՝ ցայտնոտի մեջ ենք պահում ժողովրդին և օրինապահներին: Հարկ է ուժ և հնարավորություն տալ ստեղծել պրոֆեսիոնալ իրավունքի գործիքակազմ, նշելով, որ սա մաքրման վերջին լոգանքն է և վերջին հնարավորությունը: Այս դեպքում, երբ իրավապահը կհասկանա, որ չկան անտեսանելի սահմաններ, կարևոր չէ, թե ով ում քիթն է ջարդել, ով է ում հայհոյել, նրանք հայտնվել են իր տիրույթում և ինքն առանց անուններին նայելու, առանց երկմտելու օրենքով սահմանված կարգով կարող է գնահատական տալ նրանց արարքներին:

Իսկ փոխարենը մենք այսօրվա հերոսին վաղը դարձնում ենք անօրեն հրաման կատարող ու հայտարարում սրիկա: Ակնհայտ է, որ անիրավունք համազգեստ կրող մարդուն մնում է մեկ բան՝ լողալ հոսանքի ուղղությամբ, խուսափելով իշխանավորների ու հասարակության աչքից հնարավորինս երկար ժամանակ:

Կոչ եմ անում ներկայիս իշխանությանը ուշադրություն դարձնել ներկայիս իրողությանը, քանի դեռ ՀՀ այլ վայրերում Գավառյան իրադարձությունները չեն դարձել առօրյա երևույթներ: Ինչպես անտեղի ասում էր կլասիկը «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, արժե տեղին կրկնել՝ «Սթափվե՛ք, գժուկներ, սա վերջն է՝ առջևում անդունդ է»:

Հույսով սպասում եմ, որ գործով, այլ ոչ թե ճարտար լեզվի կարողությունների հաշվին, կապացուցեք, որ մենք սխալվում ենք:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031