Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բռնարարքը (կամ ինչպես ոմանք քնքշանքով բնութագրում են՝ «միջադեպը»), կարծես զարմանքով է ընդունվում և պարսավանքի արժանանում նույնիսկ հեղափոխության նվիրյալների կողմից։ Թերևս, նրանցից շատերը դեռ ներքին, թաքնված հույս ունեն, որ «միջադեպը» պատահական երևույթ էր,և որ հեղափոխության Սիրելի Առաջնորդը ոչ միայն կդատապարտի տեղի ունեցածն, այլ կպահանջի ծեծկռտուքին մասնակցած իր պատգամավորներին ցած դնել մանդատները։
Բայց հարգելիներս, այս ամենին նախորդել էին նույն պատգամավորների կողմից հայհոյախառն վիրավորանքներ իրենց ընդդիմադիր, նույնիսկ կանանց հասցեին, ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, նույնպես վիրավորանքներն ու փողոցային ծեծկռտուքը։ Եվ ի՞նչ էր հետևել այս ամենին։Ահա և Սիրելի Առաջնորդը «դատապարտեց» երևույթը։ Երբ որևէ բռնարարք դատապարտվում է, որից հետո հնչում է՝ ԲԱՅՑ, արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում։ Սիրելի Առաջնորդը, որի ներկայությամբ հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա, ըստ էության ոչ թե դատապարտեց երևույթն, այլ ողջունեց այն և խրախուսեց հետագա բռնությունները, էլ չեմ խոսում բառապաշարի մասին՝ «քստմնելի, պադյեզդ» և այլն։
Ինչ վերաբերում է «դուխով» պատգամավորներին, որոնք Էդմոն Մարուքյանին թիկունքից «հերոսաբար» հարվածներ էին հասցնում, ապա հավատացած եղեք, որ լրատվամիջոցներում հնչած բոլոր պարսավանքներն հօգուտ իրենց են։ Նրանք ապացուցեցին Սիրելի Առաջնորդին իրենց առավել նվիրվածությունը և իրենց կուսակիցների նախանձին արժանացան։ Համոզված եղեք, որ այժմ իրենց շրջապատում որքան ավելի հարգված են նրանք, իսկ իմքայլականներից ոմանք էլ գլուխ կգովեն, թե ինչպես իրենք էլ «քացով» հարվածեցին Էդմոնին։ Եվ բոլորը կհռհռան։ Մինչ հեղափոխությունը ինչպես հանրային , այնպես էլ «գողական» կյանքում իրենցից ոչինչ չներկայացնող անձինք, Սիրելի Առաջնորդի շնորհիվ հայտնվելով ԱԺ-ում, հանկարծ դարձան համարձակ, կռվարար։ Իհարկե, նրանց մեջ կան, ավելի ճիշտ կային նաև թվացյալ կիրթ, կոռուպցիայի դեմ պայքարող անձինք նույնպես, բայց նրանք էլ պետք է իրենց հավատարմությունը հայտնեն Սիրելի Առաջնորդին, թե չէ․․․
Իսկ «պադյեզդներում սամասուդ»-ը արդեն անպատիժ ձևով կիրառվում է։ Հիշենք Հրանտ Մարգարյանի նկատմամբ բռնարարքը, սպառնալիքները Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին։ Կարծես թե կարճվում է «Հայելի» ակումբի դեմ բռնարարքը, արդեն կարճվել է խունվեյբինների («Հեղափոխության պահապաններ») նկատմամբ հարուցված քր․ գործը։
Կարդացեք նաև
Հ․Գ․ Նախորդ ԱԺ-ում ներկայացված էր բարեկիրթ մաքուր գրական լեզվով ելույթներ ունեցող, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։ Նրա հարազատ որդին, զուտ սեփական գիտելիքների, կազմակերպչական ունակությունների շնորհիվ ընտրվել էր հայրենի Էջմիածնի քաղաքապետ։
Ներկա ԱԺ-ում ներկայացված է բարեկիրթ, մաքուր գրական լեզվով ելույթներ ունեցող, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրա հարազատ որդին, զուտ սեփական գիտելիքների, կազմակերպչական ունակություններ շնորհիվ ընտրվել է հայրենի Հրազդանի քաղաքապետ։
Տարբերություններն ակնառու են։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ