Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի». դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հայտարարությունը բարկացրեց Յուրի Խաչատուրովին

Մայիս 08,2020 19:25

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

«Անընդհատ շեշտադրվեց օրվա խորհուրդը՝ Շուշիի ազատագրումը, որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել՝ ի՞նչ կարգավիճակում են եւ մեղադրվում են։ Ասեմ, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի»,- այսօր «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ժամանակ ասաց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

«Ոնց ես ինձ նայելում ու նման բան ասում»,- տեղից բարկացած նետեց գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Հիշեցնենք, երկամսյա ընդմիջումից հետո այսօր կրկին ընթանում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատավարությունը: Քննարկվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, այդ թվում նաեւ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այսօր դատարանում անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իրենց միջնորդությունը վերահաստատեցին նաեւ չորս նախկին վարչապետները`Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը:

«Ո՞նց թե` ո՞նց ես նայում։ Որեւէ մեկը որեւէ մեկի վրա չի նայում։ Ինձ չի կարելի ընդհատել, որովհետեւ ես չեմ ընդհատում,- պատասխանեց դատախազը։

Շարունակելով իր առարկությունները ներկայացնել` նա նաեւ ասաց. «Պաշտպանության կողմի միջնորդությունների հիմքում առավելապես դրված է գործի քննության ընթացքը, Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը եւ այդ ընթացքում տեղի ունեցած դատական նիստերը, դրա պատասխանատուն բացառապես պաշտպանական կողմն է: Մենք ականատես ենք եղել դատական նիստերի այնպիսի պատճառաբանումներով հետաձգումների, որոնք կրել են ակցիայի բնույթ»։

Այսօրվա նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը նկատողություն արեց նաեւ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին`«նիստի ժամանակ զրուցելու համար»: Դատավորը զգուշացրեց` դա կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառի:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ առարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունների դեմ։ Դատախազն անհիմն է համարում միջնորդությունները: «Լրացուցիչ փաստարկ ներկայացվեց՝ համավարակի տարածումը ՀՀ-ում, ներկայացվեցին փաստաթղթեր, բայց որեւէ փաստաթղթում չկա ուղիղ մատնանշում կամ արձանագրում, որ պետությունները պարտավոր են խոցելի խմբում գտնվող անձանց համավարակով պայմանավորված ազատ արձակել եւ կալանավորումը, որպես խափանման միջոց չկիրառել, նման միջազգային փաստաթուղթ չկա»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17:50:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031