«Անուշավան Դանիելյանին ես չեմ ճանաչում, նրա մասին ոչինչ չեմ ուզում ասել: Ես ճանաչում եմ Կարեն Կարապետյանին, որը աշխատում է Մոսկվայում: Պարոն Կարապետյան, չէ՞ որ Լեւոն Հայրապետյանը Արցախը շենացրել էր, գնայիր Մոսկվա, միջնորդություն ներկայացնեիր, այդ լավ մարդուն ազատության մեջ թողնեին»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ռովերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ժամանակ, իր ելույթում ասաց «մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Հիշեցնենք, երկամսյա ընդմիջումից հետո այսօր կրկին ընթանում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատավարությունը: Քննարկվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Այսօր դատարանում անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իրենց միջնորդությունը վերահաստատեցին նաեւ չորս նախկին վարչապետները`Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը:
Սարգիս Քլոյանը նաեւ Ռոբերտ Քոչարյանին դիմեց. «Կամ, պարոն Քոչարյան, Դուք լավ մտերիմ եք ՌԴ իշխանությունների հետ, այդ լավ մարդու համար ինչո՞ւ չմիջնորդեցիք»:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Սարգիս Քլոյանին հորդորեց` դիրքորոշում ներկայացնել քննարկված միջնորդությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ՔԿՀ-ում պայմանները բավարար չեն, Սագիս Քլոյանը կրկին դիմել երկրորդ նախագահին. «10 տարի նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի՝ Սերժ Սարգսյանը, բա կարգի հրավիրեիք. հիմա ո՞ւմ եք բողոքում, ասում եք՝ նեղվածք է, վատ է, բա ձեր գործի անունն ի՞նչ էր: Դուք մի անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մտե՞լ եք. այնտեղ շունը չէր ապրի, ո՞նց էին քաղբանտարկյալները ապրում: Բա բյուջեից փող հանեիք, ուշադրություն դարձնեիք, նորոգեիք, չգիտեի՞ք վերջում դա ձեր հանգրվանն էր լինելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ