«Տիկին Զոհրաբյան, ես պետք է քննադատեմ ձեզ: Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք: Ես ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ լսել ձեր խորհուրդը եւ հիմա ուզում եմ առարկայական ապացույցը ներկայացնեմ»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մոտենալով ամբիոնի մոտ, այս խոսքերն ասաց ու մի մեծ փունջ ալ կարմիր վարդեր նվիրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ու գրկեց նրան:
Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց սոցիալական հեռավորությունը չպահելու համար ու շարունակեց իր խոսքը՝ տեղեկացնելով. «Այսօր տիկին Զոհրաբյանի ծննդյան օրն է»: ԱԺ-ում կարծես սա անակնկալ էր ու շատերը չգիտեին դրա մասին: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ ուզում էր խուսափել սփյուռք-Հայաստան համայն օգտատերերի՝ ֆեյսբուքով շնորհավորանքներից, ըստ երեւույթին, այդ պատճառով սոցցանցում փակել էր ծննդյան տարեդարձի օրը հուշելու կարգավորումը:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր այս «սադրանքից» հետո ֆեյսբուքում կգրեն ու կշնորհավորեն. «Մենք իրար հետ վիճում ենք, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց, այնուամենայնիվ, ձեր փորձառությունը, ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանի շնորհավորանքներին միացավ նաեւ ԲՀԿ-ի անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Իսկ իմքայլական Մխիթար Հայրապետյանը, մոտենալով ամբիոնին, ասաց, որ անակնկալի է եկել, հակառակ պարագայում ճանապարհին գոնե մի քանի ծաղիկ «կգողանար» ու կնվիրեր Նաիրա Զոհրաբյանին. «Շնորհավորում եմ ի սրտե, գիտեք որքան եմ ձեզ սիրում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ