«Ես, եթե փոշմանում եմ, որ ՀՀ-ում չկա գնդակահարություն, կամ կախաղան, դա այն պարագայում է, որը վերաբերում է մանկապիղծներին »,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը:
Արման Աբովյանն ասաց. «Ես համոզված եմ ու առհասարակ ցանկացած նորմալ մարդ համոզված է, որ մանկապիղծը տեղ չունի ոչ մի ձեւի: Գործընկերներս հասկանում են՝ ես ինչ նկատի ունեմ»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ կոնվենցիայի դրույթները շատ ուշադիր ուսումնասիրել են, կարծում են, որ չպետք է թույլ տալ, որ մանկապղծության դեմ պայքարի անվան տակ մտնեն դպրոցներ այլ երեւույթները. «Չպետք է թույլ տանք դպրոց մտնեն այսպես կոչված ՀԿ-ները, որոնք կքարոզեն հակառակը: Կասեք կան բուֆերներ, ֆիլտրներ, հասկանալի է, բայց այդ ամեն ինչը պետք է հայկական օրենսդրության մեջ հստակեցվեն: Մենք հանդես ենք եկել ու հանդես ենք գալու միշտ մանկապղծությունը առավել խստացմամբ: Եթե ձեռներս հնարավորություն լիներ, իսկ հնարավորություն կա, կաշխատենք այն հարցի շուրջ ու կստեղծենք այն հնարավորությունը, որ մանկապիղծները առհասարակ օր ու արեւ չունենան մեր երկրում»:
Կարդացեք նաև
Աբովյանն ասաց, որ ուշադիր ուսումնասիրելով կոնվենցիան՝ որոշ դրույթների մեջ վտանգներ են տեսնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ