«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը: Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը:
Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն:
Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ: Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար:
Կարդացեք նաև
Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն