«Ես շատ անհարմար կարգավիճակում եմ, քանի որ ստիպված եմ պատասխանել մի մարդու և չեմ խորշում դրա մասին խոսելուց, որը ժամանակին միջնորդ պատգամավոր էր գտել, որ ընդգրկվի արտաքին կապերի հանձնաժողովին կից գործող փորձագիտական հանձնաժողովում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի՝ ՀՀԿ-ի մասին հայտարարություններին, այսպես արտահայտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք՝ Հովհաննես Իգիթյանը նշել էր, թե «ՀՀԿ-ն քաղաքական աղբարկղում գտնվող կուսակցություն է»:
Հայկ Մամիջանյանը շարունակեց. «Ստիպված եմ մեկնաբանել մի երեսփոխանի ասած, որը փոխանակ ԵԽԽՎ-ում պաշտպանի Հայաստանի շահերը, պաշտպանում է խիստ կասկածելի պատվիրակված շահեր: Եվ ես ստիպված եմ մեկնաբանել մի երեսփոխանի ասածը, որը նույնիսկ իշխանափոխական էյֆորիկ տրամաբանության մեջ իրականացված ընտրությունների ժամանակ չէր համարձակվել ռեյտինգային թեկնածություն դնել և օգուտ տալ իր քաղաքական թիմին: Ու լավ էր արել, քանի որ շատ քիչ ձայն էր հավաքելու»:
Հայկ Մամիջանյանի վստահեցմամբ՝ իր ձևակերպմամբ այս շոուն, այն տարբերակը, երբ բովանդային խնդիրները փորձում են փոխարինել հայհոյախառն մեկնաբանություններով, չի աշխատելու: Նա հավելեց. «Մեր մարդկային և ուղեղային ռեսուրսը բավարարելու է թե′ որպեսզի անդաստիարակ և վիրավորական արտահայտություններին արձագանքենք, թե′ բովանդակային դիսկուրս տանենք: Իսկ քաղաքական հաղթանակի հետ կապված հիշեցնեմ պարոն Իգիթյանին, որը զրո ձայն է հավաքել, քանի որ ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվել, իսկ ինքը խոսում է ՀՀ չորրորդ քաղաքական ուժի մասին»:
Կարդացեք նաև
Հովհաննես Իգիթյանը նաև հիշեցրել էր իր և բարձրաստիճան մի ՀՀԿ-ականի զրույցի մասին և պատմել. «Չեմ ցանկանում հիմա ասել կոնկրետ ով, բայց բարձրաստիճան ՀՀԿ-ական մի անգամ ասաց, որ միայն մենք ` մեր կուսակցության անդամներով եւ կուսակցության անդամների ընտանիքի անդամներով, Հայաստանում ունենք 900 հազար ձայն: Եվ նրանք ընտրություններում ստանում են 60 հազար ձայնից պակաս: Դա նշանակում է, որ իրենց անդամներն իրենց ձայն չեն տվել, որ նախկինում հավաքած բոլոր ձայները եղել են կեղծիքով, կաշառքով եւ ադմինիստրատիվ ռեսուրսով»: Այս առիթով Հայկ Մամիջանյանն ասաց. «Պարոն Իգիթյանն անուղղակի կերպով հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին , որ իշխանության շուրջ որպես կանոն հավաքվում են մեծ թվով պատեհապաշտներ, որոնք ընդամենը տզրուկի պես փորձում են օգտվել իշխանության այս կամ այն բարիքից: Պարոն Իգիթյանը երևի փորձում է Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավել իր վրա»:
ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարն ասաց. «Մեր գործող այսպես կոչված քաղաքական էլիտային հաջողվեց մայիսյան եռատոնը վերածել մայիսյան եռահարամի կամ եռախայտառակության: Մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք է լինում, և Հայաստանը հայտնվելու է միջազգային պարբերականների էջերում ոչ թե մայիսյան եռատոնի տրամաբանության մեջ, այլ ծեծկռտուքի: Մայիսի 8-ի դրությամբ՝ Երկրապահի հիմնադրման օրը, Երկրապահի ծննդյան օրը, Երկրապահի գործող նախագահը ծեծկռտուք է հրահրել ԱԺ-ում: Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, ապօրինի դատավարություն է իրականացվում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ: Այնպես որ, պարոն Փաշինյանը շարունակում է հրաշքներ գործել արժեհամակարգի խարխլման ուղղությամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ