Այսօր ԱԺ նիստում քննարկվում է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը:
Այդ կոնվենցիան ենթադրում է, որ դպրոցական տարիքի երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների մասին կրթելու են: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ կոնվենցիայի առանձին դրույթներ կարող են նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց պետք է զգոն լինեն այն դրույթների հանդեպ, որոնք վտանգ են պարունակում: Նա ընդգծեց, որ կոնվենցիան վավերացնելով՝ պետք է Հայաստանը ապահովի, որ տարրական ու միջնակարգ կրթության ընթացքում երեխաները ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ. «Խոսվում է քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, տեղյակ չենք դրանց ֆինանսավորման մասին»:
Պետրոսյանն առաջարկում է «Քրեական օրենսգրքում» խստացնել երեխաների լավագույն շահի եւ իրավունքների պաշտպանության դեմ ուղղված հանցագործությունների պատիժները, արմատապես կոշտացնել դրանք, բայց վերցնել վավերացնել մի կոնվենցիա, որը պահանջում է առաջինից 4-րդ դասարաններում սովորող երեխաներին այդ կրթությո՞ւնը տալ. «Հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխուն էլ ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանե՞լը սովորեցնենք: Որպես բազմազավակ հայր եմ ասում՝ այդ տարիքի երեխաների մաքուր միտքը չպետք է պղտորենք նման երեւույթների մասին իմացությամբ»:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցության անդամները հանձնաժողովի նիստում «կողմ» են քվեարկել կոնվենցիային, ինչը խոսում է այն մասին, որ սա Գեւորգ Պետրոսյանի մասնավոր կարծիքն է: Սուրեն Գրիգորյանն ասաց, որ կրթական ծրագիրն այնպես են հարմարեցնելու, որ այդ տարիքի երեխաների համար մատուցվող նյութն ընկալելի լինի ու դա մշակելու է իշխանությունը: Նա նշեց, որ հենց երեխայի շահից է բխում նման տեղեկատվություն ստանալ:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ սեռական բռնությունը երեխայի հանդեպ որեւէ սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այդուհանդերձ, Գեւորգ Պետրոսյանի մատնանշած դրույթի վերաբերյալ կա մտահոգություն:
«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ երբեմն ծնողները չունեն բավարար հմտություն «անծանոթներից կոնֆետ չվերցնես»-ից բացի այլ բան սովորեցնելու իրենց երեխաներին, իսկ մանկապղծությունը նոր դրսեւորումներ է ստանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ