«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» դատավարության սխալը «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը համարում է նախկին իշխանություններից եկած սխալ, որ «մարտի 1»-ի հարցը շուտ փակեցին։ «Ի վերջո, երբ մարդ 30-40 հազարանոց ժողովուրդ հավաքի, որոնք հետագայում ամբոխի են վերածվում, հայտարարում է, որ այս ղարաբաղցի տականքներին պետք է քշենք, որ նրանք են ձեր որդիների սպանության պատճառը, որ նրանք մոնղոլ-թաթարներ են, նրանք են գռփել, թալանել եւ այլն, այդ ամբոխի մեջ կլինեն առնվազն 2-3 հարյուր հոգի, որոնք իրոք կհավատան եւ պատրաստ են նաեւ սպանելու եւ սպանվելու, ինչը եւ տեղի ունեցավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ երբ ծանոթանում ես Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին, արդեն պարզ էր, թե 2008-ին ժամանակ ո՞վ է «հրահրել այդ մարդասպանությունը»:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, որտեղ երկամսյա դադարից հետո վերսկսվել է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» դատավարությունը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի մոտ: Նրանց մեջ են նաեւ հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ:
«Եվ հիմա «մարտի 1»-ի անվան տակ, սպանությունների անվան տակ, զոհերի հարազատներին բերեն, 30 միլիոն տան, մտցնեն դահլիճ նրա համար, որ նրանք Քոչարյանին տեսնելուց գոռան՝ «Քոչարյան, մարդասպան» ու դրանով փորձեն արդարադատություն իրականացնել, նշանակում է՝ ուղղակի անտեր, որբ վիճակում է արդարադատությունը»,- շարունակեց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ այն խարանը, որ դաջվեց մեր պետության ճակատին 2008 թվականի մարտի 1-ին, իր խորին համոզմամբ, գլխավոր հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը եւ նա պետք է պատասխան տա:
Չորս վարչապետների միջնորդության քննարկման ձգձգումը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը Ռուբեն Հակոբյանը համարում է միտումնավորություն եւ բացատրում է. «Որովհետեւ ամբողջությամբ հարցը քաղաքական է, ինչքան էլ փորձեն իրավական դաշտով անդրադառնալ։ Յուրահատկությունն այն է, որ իշխող ուժը ամբողջությամբ սա քաղաքական դաշտ է տեղափոխել եւ պարտադրում է, որ Քոչարյանի պաշտպանները իրավական հարթության վրա այս ամենը դիտարկեն։ Նրանք էլ պրոֆեսիոնալներ են, անում են այն, ինչ պետք է անեն։ Մի խոսքով, սա կապ չունի արդարադատության հետ եւ կարծում եմ՝ էլ չկա ինչ-որ առիթ, պատճառ, որպեսզի խափանման միջոցը չփոխեն»։
Կարդացեք նաև
Նա հույս ունի, որ դատարանն այսօր պետք է «ճիշտ որոշում» կայացնի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ