2020թ.-ի մարտի վերջի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների մեծությունը կազմել է շուրջ 136 մլրդ դրամ։ Ֆոնդերի ընդհանուր ներդրումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն դիվերսիֆիկացված են տարբեր աշխարհամասերում և երկրներում, տարբեր ակտիվների դասերում, որոնք արտահայտված են տարբեր արժույթներով։
Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում բացասաբար է անդրադառնում համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Սակայն այն առավել խիստ է արտահայտվում հատկապես համաշխարհային բաժնետոմսերի շուկայի վրա, որտեղ անկումը 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20-25%՝ ըստ առանձին ինդեքսների։
«Նշված անկումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հայաստանյան այն կենսաթոշակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվների մի մասը ներդրված է բաժնետոմսերում։ Այն բավականին զուսպ է եղել՝ պայմանավորված մեր գործողություններով: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում եղել են կարճատև ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ֆոնդերն արձանագրել են բացասական արդյունքներ, սակայն բոլոր դեպքերում էլ անկումներին հաջորդել են աճի առավել երկար ժամանակահատվածներ: Արդյունքում, ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկանացված եկամտաբերության ցուցանիշները գտնվում են բավականին բարձր մակարդակում՝ տատանվելով 8.7%-9.1% միջակայքում։ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կենսաթոշակային ֆոնդերը կառավարելիս առաջնորդվում է՝ ելնելով ֆոնդերի մասնակիցների լավագույն շահերից՝ օգտվելով ֆրանսիական Ամունդիի էքսպերտիզայից և տեխնիկական աջակցությունից»,- նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։