Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ցավալին միայն Սասունի հարձակվելը կամ ապտակ հասցնելը չէր, այլ նաեւ մյուսների հրճվելը»․ Վահան Թումասյան

Մայիս 08,2020 17:10

Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, գնահատելով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, մտահոգություն հայտնեց, որ այն վարակիչ կդառնա հասարակության համար, հետևաբար և, ըստ նրա, ճիշտ կլինի նիստերն ուղիղ եթերով չհեռարձակելը։ Ըստ Վահան Թումասյանի, իրեն ոչ միայն ցավ է պատճառել պատգամավորների ապտակ հասցնելը, այլ նրանց շարքում նստած երիտասարդ պատգամավորուհու հրճվելը՝ հայհոյանքներ լսելիս ու ծեծին ականատես լինելիս։

«Նախ պիտի հասկանան, որ իրենք ուզեն, թե չուզեն քաղաքական էլիտայի մաս են կազմում՝ անկախ նրանից, որ հեղափոխական էյֆորիայի կամ ալիքի հիմա վրա, առանց քաղաքական կենսագրության ու երկարատև պայքարի են հայտնվել վերին էշելոնում։ Եթե նույնիսկ պատրաստ չեն իրենց պահել որպես քաղաքական կյանքի էլիտայի մի մասնիկ, պարտավոր են փոխել իրենց պահվածքը, կարողանան ավելի զուսպ լինել։

Կյանքի փորձն է ցույց տալիս՝ 1996 թվականը, դրանից հետո, հանդարտեցնելու փոխարեն ինչ-որ խեղճուկրակ ապտակ հասցնելը կամ պատգամավորի վրա հարձակվելը վարակիչ կարող է դառնալ և մի քանի հետևանքներ ունենալ։

Չպիտի անցնել բռունցքների՝ անկախ նրանից, թե պատգամավորը ինչ է խոսում, պառլամենտը նրա համար է, որ խոսեն, կարող են մեկը մյուսին քննադատել, պրովոկացիաներ անել։ Պառլամենտը հենց դրա համար է, որ բոլոր հարցերը լուծվեն խոսքի, լեզվի միջոցով: Միայն վատ հասարակական մշակույթ ունեցող երկրներում են պարբերաբար դիմում ձեռքի ուժին կամ հայհոյանքին։

Ժողովուրդը ուզեց նոր համակարգում ապրել, ելավ, հեղափոխություն արեց, նախկիններին ուղարկեցին պատմության գիրկը, որպեսզի գա նոր սերունդ և բացառեն առնվազն ծեծի միջոցով զսպելու, լռեցնելու միջոցով խնդիրներ լուծելու մշակույթը։ Կյանքը ցույց է տվել, որ հայ հասարակությունը ծեծի միջոցով չի լռվում: Ով դիմեց նման մեթոդի, քաղաքական ծանր ճակատագիր ունեցավ, հայտնվեց քաղաքական պատմության աղբանոցում և՛ ՀՀՇ-ի ժամանակ, և ՛դրանից հետո։ Այնքան ցավալի չէ, որ պատգամավորները իրար են խփում, հայհոյում են, որքան ցավալի է, որ այս ամենը կատարվում է հասարակության, երիտասարդության աչքի առաջ և վարակիչ է լինում։ Պատկերացրեք, երկու հոգի իրար հետ խոսելով հարցեր լուծելու փոխարեն՝ իրար ապտակեն, եթե հարցնես՝ ինչո՞ւ, ասեն՝ պառլամենտում էլ նույնն արեցին։

Ինձ համար ցավալին միայն Սասունի հարձակվելը կամ երկու պատգամավորների հետևից ապտակ հասցնելը չէր, ինչքան մյուսների հրճվելը։ Տեսանյութում նայում եմ՝ Անդրանիկ Քոչարյանը, որ շիշը հեռացնում է, երրորդ շարքում երիտասարդ աղջիկը նստած հրճվում է։ Երիտասարդ աղջիկ, թվում է իր վրա ավելի պիտի ազդեր, բայց ինքը պատրաստ չէ, ծանր ճակատագիր չի ապրել, պատահաբար հայտնվել է պառլամենտում։ Նա հրճվանք է ապրում ու դա կիսում է կողքինների հետ։ Ծեծից ու հայհոյանքից հրճվելը մազոխիստական երևույթ է, սա լուրջ խնդիր է այդ մարդկանց մոտ, եթե տխրելու, լացելու, միջամտելու, սրտի նոպա ստանալու փոխարեն, երիտասարդ աղջիկը կարող է հրճվի այդ տեսարանից։

Լուրջ խնդիրներ ունենք ․ճիշտ կլինի կամ պառլամենտի աշխատանքները դադարեցնել ուղիղ եթեր հեռարձակելը, ինչ ուզում են, թող անեն, հետո կմոնտաժեն, կտան լրագրողներին, ցույց տան, գոնե հասարակության մեջ վարակիչ չի լինի։ Իսկ առհասարակ ռուսը մի խոսք ունի՝ Против лома нет приема, если нет другого лома… Միշտ ավելի լավ, ավելի ուժեղ ծեծող կհայտնվի պատմության մեջ, եթե խնդիրը դրել ենք ծեծելով հարցը լուծելու։

Մեկը Էդմոն Մարուքյանի վրա կազդի, մեկ ուրիշը՝ Սասուն Միքայելյանի, կարծում եմ հասարակությունն ավելի առողջ է մտածում, քանի իր քաղաքական էլիտան, և ինքը հետևություններ կանի։

Առավել ևս այս օրը չէր կարելի նման բան անել՝ Շուշիի ազատագրման օրը, մեծ տոն պիտի լիներ, այսօր գոնե պիտի կազմակերպեին այս օրն այնպես, ինչպես ապրիլի 24-ը՝ օն-լայն հարթակում նշելով, այս ձևով պիտի նշեին հաղթանակը, այն ինչ պառլամենտում խուլիգանական դրսևորումներ, ուրիշ բան չէ»,-ասաց Վահան Թումասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031