«Կարանտինային պայմանները անձնակազմը փորձում է պահել` ձեռնոցներով, դիմակներով: Բայց շենքային պայմանները… չկա օդափոխություն, ըստ էության, չկա ոչինչ, ինչը, որ պահանջվում է նման կարգի վարակի դեմ պայքարելու համար»,- այսօր դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին` ինչպիսի՞ն են պայմաններն այն ՔԿՀ-ում, որում պահվում է Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, երկամսյա ընդմիջումից հետո այսօր կրկին ընթանում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատավարությունը: Քննարկվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Այսօր դատարանում անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու իրենց միջնորդությունը վերահաստատեցին նաեւ չորս նախկին վարչապետները`Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը:
ՔԿՀ-ի աշխատակիցներն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, աշխատում են մեկ օր, երեք օր ազատ են, եւ ոչ ոք չի կարող վերահսկել աշխատանքային օրվանից դուրս նրանց շփումները: «Անձնակազմի 90 տոկոսը երիտասարդ է, սա նշանակում է, որ նրանցից 50 տոկոսի վարակվելու դեպքում առանց նախանշանների է լինելու, չի երեւալու: Մարդը կարող է աշխատել՝ լինելով վարակակիր: Ես երկար ժամանակ եմ արդեն այնտեղ, կարող եմ ասել, որ այդ 90 տոկոսի տարիքը միջինում 22-23-ից մինչեւ 35-ն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Թեեւ Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է` իր ցանկությամբ, բայց շփումը անձնակազմի հետ, կա: «Ուղղակի հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան միջանցքներով եւ այլն: Եթե մեկը կարող է կանգնել ու բացատրել, թե այդպիսի պայմաններում ինչպե՞ս է դա հնարավոր… Բացի դրանից, ուտելիքը բերում են մեկ այլ ընկերության կողմից, օրը 3 անգամ դրսից մարդ է գալիս, բերում են փաթեթավորված, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե ո՞վ է դրանք սարքում, ո՞վ է առաքում, ո՞նց է դա արվում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ