«Մեր հասարակության մեջ խոցելի խավեր են դարձել ոչ միայն գյուղատնտեսության համար առավոտից իրիկուն քրտնաջան աշխատող գյուղացիները, այլ մարտական հերթապահություն կատարող սպաները, որոնք հայտնվել են վարկային շրջապտույտի մեջ»,-այսօր Արմավիր քաղաքում բանկային համակարգի դեմ կազմակերպված ստորագրահավաքի ժամանակ ասաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Գեւորգ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ինքը, որպես պահեստազորի սպա, գրություն է ուղարկել Կենտրոնական բանկ՝ խնդրելով մարտական հերթապահություն իրականացնող սպաների համար մտածել վարկային պրոդուկտ. «Անցել է 5-6 ամիս, առ այսօր որեւէ պատասխան չկա: Այսինքն՝ այս վաշխառուներին չի հետաքրքրում: Այս մարդիկ ֆինասական կայունության անվտանգության մասին չեն էլ մտածում»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Մանվել Մանուկյանը երթ իրականացրեց՝ արմավիրցիներին կոչ անելով չվճարել վարկերը, քանի որ դրանք շատ մեծ տոկոսներով են տրվել քաղաքացիներին. «Բարձր տոկոսներ, վաշխառու բանկային համակարգ: Մարդիկ աշխատում են, տանջվում՝ չարչարվում են իսկ սրանք տոկոսների տեսքով մարդկանց թալանում են»: Նա վստահեցրեց, որ ստորագրահավաքի նպատակն է արմատական փոփոխություններ սկսել Հայաստանի բանկային համակարգում:
Արմավիրցի մի կին արձագանքեց նախաձեռնության բողոքի ցույցին, մոտեցավ, ստորագրեց, ասաց, որ անհատ ձեռներեց է, սակայն կորոնավիրուսի առաջացրած խնդիրների պատճառով ստիպված է եղել խանութը փակել՝ չնայած, որ բիզնեսը չի լուծարել: Կինն ասաց, որ արտակարգ դրության օրերին քաղաքացիներն իրենից «նիսյայով» ապրանքներ են տարել, բայց, դեռ չեն կարողանում վճարել, ինքն էլ չի կարողանում խանութն աշխատեցնել: Ասաց նաեւ, որ վարկեր ունի, տունն էլ գրավի տակ է: «Ճիշտ է լավ օրենք գրում է Փաշինյանը, բայց ժողովրդին չի հասնում այդ օրենքը: Դրա համար ժողովուրդը շատ լարված է»,-ասաց ստորագրահավաքին միացած տիկինը:
Կարդացեք նաև
Այստեղ ստորագրահավաքի կազմակերպիչներին մոտեցան ոստիկանները՝ պարզաբանելով, որ արտակարգ դրության ժամանակ նման ցույցերն արգելված են: Ոստիկանները հորդորեցին սոցիալական հեռավորություն պահել: Նախաձեռնության անդամները պնդեցին, որ իրենք ցույց կամ երթ չեն անում, պարզապես ստորագրություններ են հավաքում: Խոսակցությանը միջամտեց հավաքված քաղաքացիներից մեկը՝ չե՞ք լսում, որ ամեն օր, ամեն առավոտ, ամեն երեկո ամեն ժամ հաղորդում են այդ մասին, որ չի կարելի խմբով հավաքվել:
Մանվել Մանուկյանը ոստիկաններին կոչ արեց՝ ավելի ճիշտ կլինի «բանկերից թալանված» քաղաքացիների իրավունքը պաշտպանել: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Սողոմոնյանը հորդորեց ոստիկանների գործին չխառնվել եւ նրանց անունից հայտարարություններ չանել: Մանվել Մանուկյանն ասաց՝ եթե օրենք է խախտում, կարող են իրեն բերման ենթարկել եւ ինքը պատրաստ է «օրենքի ողջ ճշտությամբ» պատասխան տալ, ոստիկան Սողոմոնյանն ուղղեց՝ գուցե խստությամբ:
Ապա նախաձեռնության անդամները երթը Արմավիրի փողոցներում շարունակեցին: Մոտենում էին քաղաքացիներին՝ հետաքրքրվում՝ ի՞նչ կարծիքի են բարձր տոկոսներով վարկերի մասին, ոմանք բանավոր ասում էին, որ միանում են բողոքին, սակայն չէին ցանկանում ստորագրել, որոշ արմավիրցիներ էլ վստահեցնում էին, որ ցույցն իրենց չի հետաքրքրում, քանի որ վարկ չունեն, ոչ էլ բողոքներ են լսել:
«Բռավո, ճիշտ եք անում, ես էլ եմ միանում ձեզ»,-փողոցն անցնելով նախաձեռնության անդամներին իր աջակցությունը հայտնեց մի քաղաքացի, որն, ինչպես պարզվեց, տաքսու վարորդ էր: Նա ասաց. «Մարդկանց թալանում են, հետո պիտի վզները հաստացրած բանկիրները նստեն ու ասեն՝ էսքան փող ենք բերել»:
«Ո՛չ վաշխառու բանկային համակարգին» վանկարկումներով նախաձեռնության երիտասարդները քայլելով հասան բանկերից մեկին: Այստեղ մի քանի տասնյակ քաղաքացիներ էին դրսում սպասում իրենց հերթին: Մանվել Մանուկյանը կոչ արեց վարկերը չվճարել՝ պատճառաբանելով, որ բանկերը քաղաքացիներին թալանում են, սակայն քաղաքացիներից մի կին արձագանքեց՝ մեզ չեն թալանում, հեռացեք այստեղից: Մանվել Մանուկյանն ի պատասխան տիկնոջ պահանջին ասաց՝ դո՛ւք եք բանկերին երես տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ