«Սա ընդամենը երկու տարվա ամփոփում էր եւ շնորհավորանք էր վարչապետ պարոն Փաշինյանին`տարի առաջ այս օրը վարչապետ նշանակվելու առթիվ»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը`պատասխանելով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հարցին։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին եւ նրա խափանման միջոցը փոխելու չորս վարչապետների միջնորդության քննության ձգձգմանը, Աղվան Վարդանյանն ասաց` ակնհայտ է, որ սա Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ իրենց համար լուծում գտնելու ինչ-որ հնարավորություն էր: Աղվան Վարդանյանն այս ձգձգման մեջ միտում տեսնում է. «Բայց այս գործով եթե մենք ակնկալիք պետք է ունենանք, պետք է ունենանք արդարադատությունից»:
Նա ամենը վաղուց ակնհայտ է համարում եւ կարծում է, որ «միայն եզակի անհասկացողների» համար պարզ չէ, որ այստեղ արդարադատություն չի իրականացվում: Այս իմաստով էլ նա առանձնակի ակնկալիքներ չունի, քանի որ Քոչարյանին կալանքի տակ պահելն իր գնահատմամբ, այս իշխանության համար մտասեւեռում է, մոլուցք է. «Թեեւ, թվում է թե պարադոքս է, բայց որքան իրենք փորձեն ավելի երկար պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան իրենք շուտ են հեռանալու: Եթե տիկին Դանիբեկյանն այնքան ուժ եւ դատավորին վայել վարք կդրսեւորի, ապա կմնա պատմության մեջ`իբրեւ այս վճռական պահին նման պատմական որոշում կայացնող դատավոր: Ընտրությունն իրենն է»:
Պատմության շրջադարձային օրվա`Շուշիի ազատագրման օրվա առիթով շնորհավորելով հանրությանը, Աղվան Վարդանյանն ասաց, որ նիստը հենց այսօր նշանակելու մեջ միտում չի տեսնում. «Իրենց նման` անձեռնահաս, անկազմակերպ, չիմանալով, թե աջ ձեռքն ինչ է անում, ուղղակի նշանակել են այս օրը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ