Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, տեւական դադարից հետո շարունակվող ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրանք ներկայացան`հաստատելու իրենց երաշխավորությունը`Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար:
Նախկին վարչապետները դատարան են մտել եւ դուրս եկել շենքի հետնամուտքով:
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:
«Անձնական երաշխավորությունը ստանձնելիս անձը պարտավորվում է ապահովել համապատասխան անձի պատշաճ վարքագիծը՝ վարույթն իրականացնող մարմնին կանչով ներկայանալու, ինչպես նաեւ մյուս դատավարական պարտականությունները կատարելու համար, որի համար երաշխավորների կողմից մուծվում է 500 հազար դրամ»,- վարչապետներին պարզաբանում ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը`հավելելով, որ օրենքի դրույթը խախտելու, ինչպես նաեւ անձնական երաշխավորությունից ինքնակամ հրաժարվելու դեպքում մուծված գումարը դառնում է պետական եկամուտ, իսկ մյուս բոլոր դեպքերում վերադարձվում է նրանց: Օրենքը նաեւ քրեական պատասխանատվություն է սահմանում երաշխավորի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու համար, որի հետեւանքով ամբաստանյալը թաքնվել է, խուսափել քննությունից:
Կարդացեք նաև
Չորս նախկին վարչապետները հաստատեցին իրենց երաշխավորությունը եւ ստորագրեցին համապատասխան արձանագրությունը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին, թեեւ ապրիլի 28-ից գտնվում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի, սակայն վիրահատությունը դեռ չի արվել:
Հիշեցնենք, որ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով վերջին դատական նիստը կայացել էր մարտի 10-ին: Դրանից հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել, հետո արձակուրդ ձեւակերպել: Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պարբերաբար միջնորդություններ են ներկայացրել վերջինիս խափանման միջոցը փոխելու համար, նրան գրավի դիմաց կամ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին: Նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն է միջնորդություն ներկայացրել`Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին: Այսօրվա նիստում բոլոր միջնորդություններ կքննարկվեն:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2019-ի, մայիսի 18-ին ազատ էր արձակվել` Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորությամբ: Հունիսի 25-ն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Այսօր դատարանում, ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները, պաշտպան Հայկ Ալումյանը հավելեց, որ կարեւոր փաստ է նաեւ այն, որ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակում վատթարացում է գրանցվել: Արձանագրված ախտորոշումները պաշտպանը չբարձաձայնեց, անհրաժեշտության դեպքում, դատավորին հորդորեց`դա անել դռնփակ կարգով: Վերջին անգամ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին: Պաշտպանական կողմը գտնում է, որ դատական քննությունը ընթանում է ձգձգումներով, ինչի պայմաններում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը չի կարող որեւէ կերպ արդարացված համարել:
Ըստ Հայկ Ալումյանի, դատաքննության ողջ ժամանակահատվածում տեղի է ունեցել ընդամենը 22 դատական նիստ, որոնցից միայն մեկի դեպքում է, որ դատական նիստը տեղի չի ունեցել պաշտպանների չներկայանալու պատճառով. «Մինչդեռ, Եվրոպական դատարանը ասում է, որ իշխանությունները անձին կարող են կալանքի տակ պահել առնվազն քննության սկզբնական փուլում, որպեսզի թույլ չտան խոչընդոտներ ստեղծել քննության համար, հատկապես եթե խոսքը բարդ գործի մասին է, սակայն անգամ դա բավարար չէ անձին կալանքի տակ պահելը արդարացնելու համար, որովհետեւ սովորաբար ժամկետի ընթացքում այդ վտանգը նվազում է»: Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, նախաքննությունը վաղուց ավարտված է. ստուգումները, որքանով անհրաժեշտ էին մեղադրանքի կողմին, եւս ավարտված են: Արդյունքում, ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելը հակասում է Եվրոպական դատարանի դիրքորոշմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ