Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմ է տեղափոխվում մեր պատմության հզոր կին գործիչներից մեկի կյանքը». Hürriyet-ն անդրադարձել է պոլսահայ նշանավոր գրող Զապել Եսայանին. Ermenihaber

Մայիս 08,2020 16:05

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի կենսագրության մոտիվներով Ստամբուլում բեմադրվող «Զապել» ներկայացմանը։

«Բողազիչիի կատարողական արվեստների ընկերակցության կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրված «Զապելը» մեզ հրավիրում է ճամփորդության հայ մտավորական, գրող, կանանց իրավունքների պաշտպան Զապել Եսայանի կյանքի ուղիով»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ Զապելն այն բազմաթիվ հայ մտավորականներից է, որոնց անունները չեն բարձրաձայնվում՝ չնայած ժամանակակից Թուրքիայի բոլոր ոլորտներում ունեցած նրանց անգնահատելի ավանդին։

Այս համատեքստում Չուհադարը հիշեցրել է նաև, որ այսօր կարծես գաղտնի է պահվում թուրքական թատրոնի հիմքերը հայ թատերական գործիչների կողմից դրվելու պատմությունը։

Կրկին գալով ներկայացմանը՝ նա նշում է, որ սցենարի հեղինակներ Այսել Յըլդըրըմը և Դույգու Դալյանօղլուն կարողացել են ցույց տալ, որ պայքարի ոգին Զապելի գիտակցության մեջ դրսևորվել է դեռ մանուկ հասակում։

«Ներկայացման մեջ մենք 1878թ. ռուս-թուրքական պատերազմի տարում Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված Զապելի կյանքի  հյուրն ենք լինում՝ նրա ծնվելուց մինչև քայլ առ քայլ մտավորական ու իրավապաշտպան դառնալը»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ ներկայացումը հանդիսատեսին է փոխանցում Զապելի կյանքի դրվագները Ստամբուլից մինչև Փարիզ, մինչև Ադանա ու Երևան՝ նրա ստեղծագործություններով, գործունեությամբ, մտքերով ու ակտիվ քաղաքական դիրքորոշումներով։

«Սա կանացի ներկայացում է ոչ միայն նրանով, որ բեմ է տեղափոխվում մեր պատմության հզոր կին գործիչներից մեկի կյանքը, այլ նրանով, որ բոլոր դերասաններն ու ետնաբեմում աշխատած անձնակազմի մեծամասնությունը կանայք են»,- նշում է Չուհուդարը։

Զապել Եսայանը ծնվել է 1878թ. Ստամբուլում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության և  փիլիսոփայութայն ֆակուլտետում:

Եսայանը 1908թ. վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է  խույս տալ ձերբակալությունից և ապաստանել Թիֆլիսում: 1918թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների, որբերի հավաքման ու տեղավորման գործը։

1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936-ին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա՝ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքով։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943թ., անհայտ պայմաններում:

Ermenihber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031