ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականն էր քննարկվում ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան ծեծկռտուքին:
Վարչապետը նախ հայտարարեց, որ դատապարտում է բռնության ցանկացած երեւույթ՝ իր բոլոր դրսեւորումներով, որովհետեւ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական, հոգեբանական. «Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝այս խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը հետեւողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական եւ հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց ԱԺ մեծամասնական կին պատգամավորներին սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակվցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ ու այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը եւ քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջեւ առկա վստահությունը»:
Փաշինյանն ասաց, որ այո, երեկ ընդունել է Մարուքյանի հրավերը սուրճ խմելու ու իջել է իր նախկին աշխատասենյակը, որտեղ հիմա Էդմոն Մարուքյանն է նստում ու ուղիղ ասել է. «Մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ ձեր գործողությունները հոգեբանական, բարոյական եւ ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն են: Ես այսօր դիտելով տեղի ունեցածի տեսագրությունը՝ մի պարզ հարց եմ տալիս՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել ա՜յ այնտեղ: Հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Երբ ամբիոնից իջնում էր ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը շարժվել էր, տեղից վեր էր կացել, որտեղի՞ց վստահությունը, որ նա վրդովմունքն իր ձեւով արտահայտելով՝ դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածը այլ կերպ, քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել՝ մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»:
Նա ասաց, որ իր եղբորը, ընկերոջը՝ Սասուն Միքայելյանին դատապարտում է, որ տրվել է սադրանքների. «Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Ա՛յս ամբիոնից էր մարդն ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք: Մեզ ուզում են դարձնել իրենց «պադյեզդներում» ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների», ուզում են շեղել մեր արժեքներից, հանել մեզ հավասարակշռությունից: Եվ այո, այսօր ՀՀ-ում բացառիկ իրավիճակ է հաստատված, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը: Ես ուզում եմ խոսել նաեւ օրենքի եւ օրինականության տեսակետից: «Քրեական օրենսգրքում» կաշառքը համարվում է հանցագործություն, բայց առանձին վերցրած հանցագործություն էլ կա՝ կաշառքի սադրանքը: Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետեւանքները: Սա՛ է իմ գնահատականը այսօր տեղի ունեցած միջադեպին: Ես դատապարտում եմ մեզ: Ես դատապարտում եմ ինձ եւ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր եւ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո: Բայց սա որեւէ մեկին թող հուսավառ չանի, որովհետեւ ես պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի: Այսօր էլ ենք տեսնում, բայց իմ կամքը ամուր է, քարից է, իմ ոգին հանձնվել չգիտի»,- սեփական բանաստեղծական տողով շարունակեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, այս ամեն ինչը կապ ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, բազմաթիվ եւ բազմապիսի քրգործերի հետ. «Որովհետեւ երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները: Շատ կենսական հարց է լուծվում այսօր»:
Փաշինյանը պնդեց, որ ուզում են կա՛մ իրենց դարձնել «պադյեզդներում» ծեծողներ, կամ իրենց թիմակիցները վախենան «պադյեզդներ» մտնել. «Թույլ չենք տա: «Պադյեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ