Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում ոչ թե ԼՀԿ-ի օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը». Մակունցի արձագանքը

Մայիս 08,2020 15:20

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց, որ լքում են ԱԺ նիստերի դահլիճը: Խմբակցության անդամները դուրս եկան նիստերի դահլիճից՝ բոյկոտելով նիստը:

Ինչպես Մարուքյանն ասաց. «Ապագայում մենք, կախված քաղաքական գնահատականներից ու հետեւանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները ու կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»:

Մարուքյանից հետո հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրեց ոչ թե Մարուքյանից, այլ՝ ՀՀ քաղաքացիներից ու բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին: Նա հայտարարեց. ««Իմ քայլը» խմբակցության անունից ցավում եմ, որ խմբակցությունը տրվել է սադրանքների եւ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Մի փոքր մանրամասն այն սադրանքների մասին ու այն մասին, թե ինչ է տեղի ունենում վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Ամեն ինչ, հարգելի հայրենակիցներ, սկսվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքից, այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին: Այդ նախագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի վարքագիծն ԱԺ-ում՝ նիստերի դահլիճում: Նկատի ունեմ այն, որ երբեւէ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ այս գումարման ընթացքում, նախորդ գումարման ԱԺ-ում երբեւէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, եւ այս միջադեպն էլ հենց դրա հետեւանքն է, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում համայն հայության, համայն աշխարհի աչքի առաջ հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին եւ դրան չհետեւեց ներողություն ո՛չ փոխնախագահի նկատմամբ, ներողություն չհնչեց պատգամավորներից եւ ՀՀ քաղաքացիներից: Դրան հետեւեցին ինչ-որ գործընթացներ արդեն ԱԺ նիստերի դահլիճից դուրս: Եվ հիմա արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել եւ ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանն այնպիսի գործողություների մեջ, որոնք այս տեսախցիկների առջեւ կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցությանը հենց այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր տեսնել եւ սադրել պարոն Մարուքյանը: Որեւէ կերպ չեմ փորձում արդարացնել միջադեպը եւ նորից վերահաստատում եմ, որ ցավում եմ կատարվածի համար եւ նորից ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից»:

Հետո Մակունցն ընդգծեց. «Ուզում եմ արձանագրենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը եւ սա փաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031