Ամերիկացի ճանաչված պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 57-ամյա Էվանդեր Հոլիֆիլդը Մայք Թայսոնից հետո նույնպես հայտարարել է ռինգ վերադառնալու մասին:
Մարզաշխարհը սպասում է այս երկու գերհսկաների երրորդ դիմակայությանը ռինգում: Հոլիֆիլդը դեմ չէ, սակայն պայման ունի: «Ամեն բան կախված է նրանից, թե ինչ մեծ գումար ինձ կառաջարկեն, եւ այն բանից, թե ինչ են հասկանում մեծ գումար ասելով: Ես գիտեմ, թե ինչ ասել է՝ մեծ գումար: Նրանք ինձ մեծ գումար պետք է տան»,-Հոլիֆիլդի խոսքերը մեջբերում է Forbes-ը:
Ավելի վաղ ռինգ վերադառնալու մասին հայտարարել էր 53-ամյա Մայք Թայսոնը: Հոլիֆիլդն ու Թայսոնը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ռինգում հանդիպել են երկու անգամ: 1996 թվականին հաղթել է Հոլիֆիլդը: Մեկ տարի հետո՝ 1997 թվականին կայացած ռեվանշ մենամարտում, Թայսոնը Հոլիֆիլդի ականջից մի մեծ կտոր էր կծել, ինչի համար որակազրկվել էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ