Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանը` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման մասին. «Նույնիսկ եղբայրս չի կարողանում այցելել»

Մայիս 08,2020 15:05

«Մարդիկ գնալով հասկանում են, թե ինչքան անհեթեթ է մեղադրանքը, դրանից ավելի անհեթեթ էլ խափանման միջոցն է ընտրված»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին`Լեւոն Քոչարյանը:

Տեւական ձգձգումից հետո՝ այսօր կրկին կայանում է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ են պաշտպանները ներկայացնում: Միջնորդություններից մեկն էլ ներկայացրել են չորս նախկին վարչապետներ` ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

«Այսօր Շուշիի ազատագրման օրն է. մարդիկ 28 տարի առաջ ինչո՞վ էին զբաղված, ինչե՞ր են արել, ի՞նչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում երկու երիտասարդ դատախազ կանգնեն ու ասեն` այս մարդը կարող է փախչել։ Դա պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»,- իր վրդովմունքը բարձրաձայնեց Լեւոն Քոչարյանը։

Լրագրողներից մեկը նկատեց, որ տուժող կողմն էլ առարկություններ ունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասով, նրանք էլ կարծում են, որ ազատության մեջ լինելով՝ նա կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա: Լեւոն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ու կա՞ ապացույց դրան։ Հայրս այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե հինգ ամիս լինելով ազատության մեջ, ոչինչ չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել… մի բան էլ երկրից դուրս է եղել, բայց վերադարձել է»։

Նա նաեւ անդրադարձավ այն անձանց, ովքեր մեկնել են արտերկիր` խուսափելով ներկայանալ իրավապահ մարմիններին` իրենց առնչվող դատական գործերով. «Ասում են՝ եթե ճիշտ լինեին կվերադառնային… դե այդ մարդիկ էլ տեսնելով, թե հորս հետ ի՞նչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունները, որ դատավորին ուղիղ հրահանգներ է գնում, հորս ազատ արձակած դատավորի նկատմամբ այդ քրեական գործերը, դատարանների մուտքերը շրջափակելը, Արմեն Դանիելյանի պահվածքը դատարանում…»։

Լեւոն Քոչարյանն այս դատական նիստից առանձնապես ակնկալիքներ չունի. «Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ի՞նչ պիտի գրի դատավորը, որովհետեւ էլ բան չի մնացել, որից իրենք կառչեն»։

Պատասխանելով մամուլում հրապարակված լուրին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկուսարանում այցելել է Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Քոչարյանն ասաց, որ նման բան չկա. «Նույնիսկ եղբայրս չի կարողանում այցելել։ Հիմա մենք, որպես խնամակալ կարողանում ենք այցելել։ Ես այցելություն միշտ ունեցել եմ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031