«Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Շուշիի ազատագրումից եւ «Հարսանիք լեռներում» օպերացիայից, հնչեցրեց Վազգեն Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Կոմանդոսի, Արթուր Ալեքսանյանի, Սամվել Բաբայանի, Գուրգեն Դարիբալթայանի եւ Արցախյան ազատամարտի այլ մասնակիցների անունները:
«Թուրքերը մտածում էին՝ ինչ-որ հարսանիք է լինելու, չգիտեին, որ դա հենց իրենց «հարսանիքն» է… Դա լրիվ ազգային օպերացիա էր, հայերի միաբանության Սարդարապատը»,-ասաց նա: Հավելեց, որ դա մեկ օրում չի եղել, եւ մինչեւ Շուշիի ազատագրումը՝ բավականին տարածքներ են ազատագրել, երկար նախապատրաստվել: Ապա հիշեց, թե ինչպես էր ազատագրված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում Պարգեւ սրբազանի աղոթքի ժամանակ լսվում Ամարասի Արթուրի հեկեկոցը:
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը հիշեց, որ Շուշիի մարտը սկսվեց գիշերը 3-ին, իսկ առավոտյան 11-ին Շուշին արդեն ազատագրված էր. «Հիմա որ նայում եմ, թե ինչ լեռներով են մարդիկ բարձրացել Շուշի, ապշում եմ»: Նա փաստեց, որ Քարինտակը ռմբակոծվում էր, սակայն մարդիկ դուրս չէին գալիս գյուղերից, հիշեց խոտի տուկերից սարքված հոսպիտալի եւ այնտեղ ապաքինվող վիրավորների մասին: Նրա ձեւակերպմամբ, տպավորիչ էր այն, որ ադրբեջանցիները Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մեջ էին զենքերը պահել, մտածելով, որ հայը եկեղեցու վրա չի կրակի:
Աիդա Սերոբյանը հիշեց, որ երբ Շուշին ազատագրելուց հետո ազատամարտիկները ոտքով իջնում էին Ստեփանակերտ, բնակիչները ծաղիկներ էին թափում նրանց ոտքերի առաջ: «Ստեփանակերտը վերջապես սկսել էր շնչել, երեխաներ էին ծնվել նկուղներում, որոնք երեք- չորս տարի անց վերջապես դուրս եկան նկուղներից»:
Կարդացեք նաև
Մարտին Մարտիրոսյանը՝ «Արծիվ» մահապարտներից, ցանկացավ, որ այլեւս պատերազմները չկրկնվեն, ապա ընդգծեց, որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այսօրվա երիտասարդները մեր արժանի սերունդն են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ