Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում այս տոնը նշենք համեստ, տնային պայմաններում, բայց այն հիշարժան լինի. Հաղթանակի զբոսայգին եւ Եռաբլուր պանթեոնը փակ են լինելու

Մայիս 08,2020 14:28

Վաղը՝ մայիսի 9-ի եռատոնին Հաղթանակի զբոսայգին եւ Եռաբլուր պանթեոնը փակ են լինելու՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա ասաց, որ նշված վայրերում տեղի են ունենալու բացառապես արարողակարգային միջոցառումներ. «Վաղը ժամը 10:30-11:00-ին տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը Հաղթանակի զբոսայգի՝ Մայր Հայաստան հուշահամալիր: Կազմակերպելու ենք Հայրենական մեծ պատերազմի մեր վետերանների այցը Մայր Հայաստան հուշակոթողի մոտ, քանի որ առաջին հերթին այդ օրվա խորհուրդը վերաբերում է հենց մեր շնորհակալանքն ու շնորհավորանքը հայտնելու մեր վետերաններին: Դրանից հետո անակնկալ է սպասվում, չեմ կարող բացահայտել, քանի որ որոշակի պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի անակնկալը մատուցել»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ ասաց, որ տոնի կապակցությամբ նախատեսված համերգային միջոցառումը հագեցած է լինելու. «Հանդես կգան Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, երգի պետական թատրոնը, Արթուր Մանուկյանը կներկայացնի չճանաչված «Զարթնի՛ր, որդյակ» երգը: Արթուր Գրիգորյան ու Արմեն Պուչինյանը հանդես կգան «Սուսերով պարով», Վահագն Գրիգորյանը կներկայացնի «Темная ночь» պատերազմական երգի ջազային մեկնաբանությունը, օպերային երգիչներ հանդես կգան»:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն էլ ավելացրեց՝ ոստիկանությունն այսօր առավոտից ծառայություն է իրականացնում Եռաբլուր պանթեոնում՝ մարդկային կուտակումները բացառելու համար, այստեղ մինչեւ վաղը ուշ երեկոյան արգելվում է անհատ անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքը, ինչպես նաեւ արգելվում է Կոմիտասի պանթեոն մուտքը. «Արտակարգ դրությամբ սահմանված ազատ տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի եւ երկու հարյուր հիսունապատիկի չափով»:

Հարցին՝ արդյոք պարգեւատրումներ լինելու են, Բալայանը պատասխանեց՝ համապատասխան որոշումները կան, դրանք արդեն ներկայացվել են, բայց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա՝ երբ այն հնարավոր լինի. «Միջոցառումներն ուղիղ եթերով հեռարձակվելու են, կոչ եմ անում այս տոնը նշենք համեստ, տնային պայմաններում, բայց այն հիշարժան լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031