Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 8-ի օրով վրա քշեց Սասուն Միքայելյանին. մտածված սադրանք էր». Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Մարուքյանին չեն հարվածել

Մայիս 08,2020 13:56

«Քննարկեցինք տեղի ունեցածը: Բնականաբար, կատարվածն անընդունելի է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ նիստի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Վիճել էին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տասնյակ պատգամավորներ փորձում էին հանգստացնել նրանց: Միջադեպից հետո կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելու համար խորհրդարան եկած վարչապետի եւ ԱԺ նախագահության մասնակցությամբ փակ քննարկում տեղի ունեցավ:

«Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի ավելի վաղ դահլիճում հնչած սեռական բնույթի հայհոյանքի, մեր ընդունած օրենքների հետ: Ակնհայտ է, որ այդ սադրանքներից հետո… սադրանքներին չպետք է տրվել, բայց մայիսի 8-ի օրով Սասուն Միքայելյանին սադրելը համարում եմ անընդունելի: Իրեն կլասիկ հռչակած պատգամավորն իրավունք չունի դահլիճում հայհոյանք հնչեցնել: Պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, որն ունի շարունակականություն: Այսինքն, իրավիճակը սկզբում դահլիճում լարվում է Անի Սամսոնյանի ելույթներով, որում օգտագործվում են «հիստերիկ» ու նման բառեր, հետո սադրելով խոսում է նա, ով օրերս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը հերքեց, որ վարչապետը մասնակցել է քննարկմանը, ասաց, որ ՔՊ վարչության անդամներով էին հավաքվել:

Դառնալով Էդմոն Մարուքյանին՝ Ալեն Սիմոնյանը պնդեց, որ սադրանքի գործելաոճը նա օգտագործում էր նաեւ նորընտիր ԱԺ-ում՝ ԲՀԿ-ի դեմ. «Նա տեղից վեր է կենում եւ մոտենում: Դա արդեն իսկ ագրեսիվ պահվածք է: Մայիսի 8-ի օրով վրա քշեց Սասուն Միքայելյանին»:

Ինչ վերաբերում է կադրերում արձանագրված հանգամանքին, որ ծեծկռտուքի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վահե Ղալումյանը կողքից մեկական անգամ հարվածում են Մարուքյանին, Ալեն Սիմոնյանը նշեց. «Ես կադրերը տեսել եմ, Արտակ Մանուկյանը հետեւից չի հարվածում, իսկ Վահե Ղալումյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, ես տեսել եմ, երբ նա ընկել է, ոտքերով հարվածել են իրեն: Բայց ես եւ դուք քննիչներ չենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031