Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողաբար, ընդ որում՝ խնամքով ընտրված ցուցանիշներ վերցնելը կառավարության համար բնագիծ է դարձել». «Փաստ»

Մայիս 08,2020 13:40

Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելով՝ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2008 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր տնտեսական աճի, օտարերկրյա ներդրումների ներհոսքի ավելացման, արտահանման և այլ դրական ցուցանիշների մասին:

Անդրադառնալով կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու բերված ցուցանիշներին՝ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ կան դրական արդյունքներ, բայց դրանց կողքին կան նաև մտահոգիչ զարգացումներ:

«Օրինակ՝ դրական է, որ 7,6 տոկոսով տնտեսությունը աճել է ու չի փլուզվել: Լավ է, որ 46 հազարով կրճատվել է գործազուրկների թիվը, բայց վատ է, որ 51 հազարով կրճատվել է աշխատանքային ռեսուրսների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքային արտագաղթով: Դրական ցուցանիշներից է նաև պետական բյուջեի եկամուտների ավելացումը, նաև գրանցված աշխատողների թիվն է շարունակել ավելանալ: Բայց այս ամենին զուգահեռ՝ կան նաև մտահոգիչ փաստեր, վիճակագրություն ու իրավիճակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ցուցանիշների «աննախադեպությունն» իրականում ընտրողական կիրառում ունի:

«Ընտրողաբար, ընդ որում՝ խնամքով ընտրված ցուցանիշներ վերցնելը կառավարության համար բնագիծ է դարձել: Բացի այդ, նաև խնամքով ընտրված ժամկետ են վերցնում, որի մեջ տվյալ ցուցանիշը հռչակում են աննախադեպ, հետո էլ փորձում եզրակացությունները դրա վրա կառուցել: Պարզ ասեմ. երբ իրավիճակն օբյեկտիվ չի գնահատվում, չեն ախտորոշվում իրական խնդիրները, նշանակում է՝ ի սկզբանե գտնվում ես սխալ ճանապարհի վրա:

Այսինքն, իրական խնդիրների լուծման տեսանկյունից վաղվա քայլը, կարգավորումը և մասնակցությունն ի սկզբանե դատապարտված են սխալ իրականացման: Հենց այսպիսի իրավիճակն է, որը քաղաքականությունը, պետական աջակցությունը, պետական կարգավորումը կտրում է իրական խնդիրներից»,-շեշտեց Թ. Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ այսօր իրական խնդիրներին համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա. «Վիճակագրության հավաստիության խնդիր ունենք, ինչն ունեցել ենք նաև մինչ այս, բայց խնդիրն այլ է. անգամ եղած վիճակագրական գործիքներով, եղած տեղեկատվությամբ իրավիճակն օբյեկտիվ գնահատելու հնարավորությունները ամբողջությամբ չեն կիրառվում:

Զուտ քաղաքական շահից «աննախադեպ» ցուցանիշների շարքը շարունակելու մղումից ելնելով` ընտրողական մոտեցմամբ նման իրավիճակ ներկայացնելն ի սկզբանե սխալ հունի մեջ ու սխալ ճանապարհի վրա է դնում թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ հակաճգնաժամային կառավարումը: Երբ իրավիճակը դրական զարգացումներով են ներկայացնում, այդ դեպքում թուլանում է նաև պետական կարգավորման գործիքակազմը: Հետևաբար, երբ իրավիճակը, մանավանդ քաղաքական բարձր մակարդակով ներկայացվում է ոչ օբյեկտիվ, ձևակերպվող խնդիրներն ամբողջական չեն լինում, չի բացառվում, որ խորքային իմաստով նաև համարժեք չեն իրավիճակին:

Բնական է, որ իրենց քաղաքականությունն ու պետական աջակցությունը պետք է ուղղված լինի հենց իրենց հնչեցրած խնդիրների լուծմանը, ինչի հետևանքով, փաստացի, արդեն կունենան թիրախավորման հարց և համարժեքության խնդիր՝ իրական իրավիճակին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031