Լրահոս
Օրվա լրահոսը

2 տարի շարունակ Փաշինյանը քարոզում է «սամասուդ», ագրեսիա, կալանք. ստացանք Գեղարքունիքի դեպքը, Ազգային ժողովի ծեծկռտուքը. «Այլընտրանքային նախագծեր»

Մայիս 08,2020 13:04

«Իմ քացին» իշխող ուժը և տիրող անկառավարելիությունը

Երկու տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Այսօր արձանագրում ենք, որ երկիրը մոտենում է անկառավարելիության սահմանագծին։ Սա փուլ է, որը բոլոր գիտակից անհատներից և շրջանակներից պահանջում է առավելագույն զգոնություն։ Սա ուժայիններից պահանջում է առավելագույն զսպվածություն և օրինապաշտություն, սա իշխանության մեջ գտնվող գիտակից գործիչներից պահանջում է անհատական որոշումներ։ Բոլորիցս պահանջվում է մեծ պատասխանատվություն՝ հնարավորինս հարթ դուրս գալու այս վիճակից և ունակ իշխանություն ձևավորելու համար։

Վիրուսի մասին

Հիվանդության տարածման ծավալները գնալով մեծանում են։ Երկրի վարչապետն իրավիճակի կոնտեքստից դուրս է, նա այլ իրականության մեջ է ապրում։ Իշխանություններն, ըստ էության, դադարել են  վերահսկել իրավիճակը, առողջապահական համակարգի կոլապսը սարերի հետևում չէ։ Օրեր առաջ մի խումբ գործիչների կոչը՝ երկու շաբաթով խստացել սահմանափակումները, իշխանությունն անտեսեց, չարձագանքեց, թեև այն ստորագրել են ոչ պատահական մարդիկ։ Հիվանդների և մահերի քանակը մեծանում է, դրա դեմն առնելու որևէ ռազմավարություն իշխանությունը չունի։ Վաղ թե՝ ուշ մենք գնալու ենք  դրան, և որքան ուշ՝ հետևանքները լինելու են ավելի ծանր։ Անգործունյա իշխանության հետևանքը դա է։

Սասունի հերոսամարտը և «Իմ քացին» խմբակցությունը

Ուղիղ երկու տարի շարունակ վարչապետ Փաշինյանը քարոզում է սամասուդ, ագրեսիա, կալանք և այլն։ Ստացանք Գեղարքունիքի դեպքը, որը հիշեցնում էր ԻԳԻԼ-ի բարքերը, ստացանք Ազգային ժողովի ծեծկռտուքը։ Հայաստանը մոտենում է ագրեսիայի պլատոյի։ Հարցերը, թե ինչու Սասունը պետք է լիներ ԱԺ-ում կամ ինչու տասնյակներով պատահականությունները պետք է հայտնվեին պառլամենտում, երկարատև քննարկման առարկա են։ Դա կարվի ավելի հանդարտ պայմաններում։

Հիմա շատ ավելի սուր խնդիրներ կան. պետությունն իսկապես դառնում է անկառավարելի։ Իշխանության ներսում Փաշինյանն իրականացնում է թրաֆիկինգի քաղաքականություն և այն առ այս պահը արդյունք տալիս է՝ բոլորը հնազանդ են։ Բայց մոտենում է այն պահը, երբ յուրաքանչյուրն  անհատապես իրեն հարց է տալու՝ լինել մասնակից և կիսել բոլոր անօրինականությունների պատասխանատվությո՞ւնը, թե՞ ունենալ սեփական ձայն և լծվել նոր իշխանության ձևավորմանը։

Այս պայմաններում որակապես փոխվում է ոչ իշխանական համակարգերի առաքելությունը։ Խնդիրը դառնում է լայն կոնսոլիդացիոն պոտենցիալով իշխանության ձևավորումը։ Այն կարող է լինել ժամանակավոր, կոալիցիոն, չգնահատված և այլն։ Բայց այն ունենալու է պատմական դերակատարում՝ կանգնեցնել պետության փլուզումը, վերականգնել ներքին հանդարտությունը։

Հ. Գ. Սասունամարտին մասնակցած բոլոր պատգամավորներն ու նախարարները պարտավոր են ենթարկվել 14 օրյա մեկուսացման՝ սոցիալական հեռավորության և հիգիենայի բոլոր նորմերը խախտելու պատճառով։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031