«Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է՝ բանակցում ենք»,- արցախյան բանակցությունների շուրջ օրերս խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր վախեցնեն իրենց ու իրենք բանակցությունների գնան, ձեռքերը դողալով նստեն, չփռշտան, որ պատմություն չլինի։ Հիմնախնդրի, ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ զրուցում ենք քաղաքագետ Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։
–Փաշինյանը հայտարարեց, որ բանակցություններ ընթանում են, բայց այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ հիմա բանակցությունների սեղանին փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակն է։ Ձեզ համար հասկանալի դարձա՞վ, ի վերջո, ինչի՞ շուրջ են բանակցում։
-Ավելի քան տասն օր է անցել ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությունից, թե անցած տարվա ապրիլին կողմերին ներկայացվել է փուլային տարբերակ և հիմա դա է բանակցվում։ Սա հստակ հայտարարություն էր։ Հետագայում և՛ հայկական, և՛ ադրբեջանական լրատվամիջոցներին տված պարզաբանումներում էլ նշվում էր, որ առաջին փուլում նախատեսված է Արցախի տարածքների որոշակի զիջում։ Չնայած այն հանգամանքին, որ այդ հայտարարությունից հետո և՛ վերլուծաբանները, և՛ լրատվամիջոցները հստակ պատասխան են պահանջում Մնացականյանից, Փաշինյանից, երկուսն էլ խուսափում են և փորձում այլ մեկնաբանություններով հարցը կոծկել։ Իբր անդրադառնում են Լավրովի հայտարարությանը, բայց ներկայացնում են իրենց նախկին դիրքորոշումները, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցում։ Տպավորությունն այն է, որ հայկական կողմը Լավրովին պատասխան չունի տալու։ Ի հեճուկս Փաշինյանի մշտապես հնչող այն դիտարկմանը, թե լուծումը պիտի երեք կողմերին էլ ընդունելի լինի, մեր իշխանությունը մեկ տարի շարունակ բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որն անընդունելի է հայ ժողովրդի համար։
–Ի դեպ, նախօրեին Փաշինյանը Ալիևին տված իր բնութագրումն ավելի հարստացրեց՝ հայտարարելով, թե Ադրբեջանի ղեկավարը խնդրի լուծման հարցում կառուցողական է տրամադրված։ Սեփական երկրում իրենից առաջ եղած ոչ մի իշխանության ներկայացուցչի կառուցողական չհամարող Փաշինյանն ինչու՞ է անընդհատ Ալիևին գովաբանում։
Կարդացեք նաև
-Դա այն ծուղակն է, որն ինքն իր դեմ լարել է Փաշինյանը ու հիմա դրանից չի կարող խուսափել։ Նա հայտարարել է, թե լուծման տարբերակը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա բանակցվում է մի փաստաթուղթ, որը, ըստ էության, ձեռնտու է հենց Ադրբեջանին։ Թե Մնացականյանն ու Փաշինյանը հետագայում ինչպես են պատրաստվում այդ ամենը հրամցնելու Հայաստանի և Արցախի ժողովրդին, հասկանալի չէ։ Փաշինյանին թվում է, թե ինքը կխուսափի դրանից վերջին պահին վետո կիրառելով, ինչի մասին արդեն հիմա բաց խոսում են պաշտոնյաները։ Սակայն սա Հայաստանի նկատմամբ բանակցություններում բացասական վերաբերմունք է ձևավորելու, ինչի արտահայտությունն արդեն տեսնում ենք ինչպես Լավրովի հայտարարություններում, այնպես էլ միջնորդ երկրների դեսպանների, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Այս պահի դրությամբ կարելի է ենթադրել, որ բանակցությունների սեղանին դրված է Ադրբեջանի մշակած փուլային տարբերակը, որն առաջին իսկ փուլից մեծ կորուստներ է պարտադրելու հայկական կողմին։ Այս հեռանկարը պաշտոնական Երևանը չի հերքում, միայն հայտարարում է, թե նման լուծման տակ չի ստորագրելու։ Այսինքն, երկու տարբերակ կա. կամ համոզել Հայաստանի և Արցախի բնակչությանը, որ այս տարբերակն այնքան էլ վատը չէ, տարածքները պիտի հանձնել, կամ չստորագրել այդ փաստաթուղթը և Ադրբեջանին լեգիտիմ առիթ տալ պատերազմական գործողությամբ ու արտաքին խաղացողների աջակցությամբ հարցը կարգավորելու։ Երկու տարբերակն էլ չափազանց վտանգավոր են։
–Գուցե Փաշինյանի նոր արտաքին քաղաքականությու՞նն այս իրավիճակում օգնության հասնի։ Նա արտաքին քաղաքականություն է ստեղծում, որին, ինչպես ինքը խոստովանեց, դեռ անհաղորդ են և ՌԴ-ում, և՛ Արևմուտքում։
-Փաշինյանի՝ արտաքին քաղաքականություն ստեղծելու հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը։ ՀՀ-ն այսօր չունի արտաքին քաղաքականություն, դրանում համոզվել ենք բազմիցս։ Ոչ մի երկրի ղեկավար, ըստ էության, չի շփվում մեր վարչապետի հետ։ 2 տարվա ընթացքում Փաշինյանը չկարողացավ հանդիպել ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ, ԵՄ-ի հետ, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քաղաքական օրակարգ չկա։ Փաստ է, որ Հայաստանն այսօր արտաքին քաղաքականություն չունի, որովհետև 2 տարի առաջ Հայաստանում շատ բան ոչնչացվեց, այդ թվում արտաքին քաղաքականությունը։ Իսկ մենք բավական հաջող քաղաքականություն ունեինք, որի դեմ սկզբում պայքարում էին և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ը, բայց հետո հաջողվեց «և-և»-ի ճկուն քաղաքականություն վարել, ինչը ստեղծում էր սպառնալիքների դիվանագիտական զսպման մեխանիզմներ։ Սա շատ լավ աշխատում էր նաև արցախյան հիմնախնդրի դեպքում։ Իսկ այսօր այդ ամենը չկա, վերջին 2 տարում դա բարեհաջող ոչնչացրել են, ու հիմա իսկապես Հայաստանը պետք է նոր արտաքին քաղաքականություն մշակի։
–Փաշինյանն այդ մասին լրիվ այլ պատկերացում ունի։ Ըստ նրա, նախկինում Հայաստանը «Ճ կլասի» պետություն էր, ու հիմա էլ ոմանք սովոր են հին ռեժիմով աշխատելուն. «վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ և բոլորից ինչ-որ բան աղերսել, որևէ փշրանք ստանալիս էլ լինել երջանիկ»։
-Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Փաշինյանը ստում է։ Հայաստան երբեք ծուռվիզ քաղաքականություն չի վարել, չի բավարարվել սրա-նրա տված փշրանքներով։ Այդ բոլոր որակումները սուտ են։ Փաշինյանն իր իսկ կործանած արտաքին քաղաքականության մեղքը փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա այնպես, ինչպես շատ այլ հարցերի դեպքում։ Սա Փաշինյանի պոպուլիստական գնահատականների հերթական ապացույցն է, ոչ ավելին։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: