Ինչպես տեսնում ենք իրադարձությունների զարգացումից, իշխանություններն ընդունակ չեն հակաճգնաժամային ռազմավարություն առաջ քաշել, քանի որ իրադարձությունների ընթացքը դուրս է եկել նրանց վերահսկողությունից։
Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա արտակարգ դրության ժամանակահատվածը արդյունավետ չի օգտագործվել ճգնաժամը կանխելու նպատակով։
Որոշակի քայլեր էլ եթե արվել են, ապա դրանք լոկալ բնույթ են կրել՝ մի շարք սահմանափակումներ են մտցվել ու սոցիալական աջակցության փաթեթներ են հաստատվել, սակայն խոշոր հաշվով դրանցով լուրջ խնդիր չի լուծվել։ Այս քայլերի արդյունավետության մակարդակը եղել է շատ ցածր, որի մասին վկայում է հենց ներկայիս իրավիճակը։
Նույնիսկ այս պահին դեռևս ուշ չէ, որ պետությունը նոր մոտեցումներ որդեգրի համավարակի և դրա արդյունքում առաջ եկած ճգնաժամի դեմ պայքարում։
Կարդացեք նաև
Դրա համար պետք է լսել մասնագետների կարծիքները, ծանրութեթև անել մյուս երկրների փորձը, ապա խիստ կանոնակարգ սահմանել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն։
Բայց իշխանությունները նախընտրել են ամենահեշտ ուղին, այն է՝ գլխավոր պատասխանատվությունը շատ հանգիստ գցել իրենց ուսերից։
Դրա մասին է վկայում այն, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ազդարարեցին կորոնավիրուսային հիվանդության դեմ ապակենտրոնացված պայքարի մասին։ Իսկ ապակենտրոնացված պայքարի էությունն այն է, որ հարցը անմիջականորեն դրվում է քաղաքացիների անհատական պատասխանատվության տակ։
Այսինքն՝ եթե վաղը իրավիճակն ավելի բարդանա և դառնա անվերահսկելի, ապա իշխանությունները կարող են հայտարարել, թե մեղավորը քաղաքացիներն են, քանի որ հարցն իրենց անհատական պատասխանատվության տակ է։
Եվ ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունները մեղադրում են բոլորին, բայց միայն ոչ իրենց:
Պետական համակարգը մեղավոր է, դատավորները մեղավոր են, ՍԴ-ն՝ ինքնին հասկանալի է, նախկինները մեղավոր են միշտ ու բոլոր հարցերում, հիմա արդեն աստիճանաբար մեղավորության ու պատասխանատվության բեռը դրվում է քաղաքացիների վրա:
Այնինչ, քաղաքացիներն իշխանություններին մանդատ են տվել, որպեսզի նրանք առկա խնդիրների համար լուծումներ գտնեն, այլ ոչ թե փորձեն ամեն մի ծանր խնդրի դեպքում պատասխանատվությունը իրենց ուսերից գցել հանրության վրա։
Իսկ այսպիսի գործելակերպով իշխանությունները հանրության աչքում շատ արագ գետնին են հավասարեցնելու իրենց վարկանիշը։ Ու նման կերպ շարունակելու դեպքում շատ մեծ հարց է, թե նրանց վարկանիշը որքանով կդիմանա ճգնաժամի փորձությանը։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: