Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ ԱԱԾ-ն պետք է վերջապես դառնա իրական Ազգային անվտանգության ծառայություն և վերջապես կտրի իր կապը КГБ-ից, НКВД-ից, Чека-ից, ակնհայտ էր վաղուց. «Ժամանակ»

Մայիս 08,2020 12:04

Կառավարությունը կողմնորոշվել է նաև Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների ռազմավարության հարցում։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, նրա խոսքով, առաջիկայում բարեփոխումների արդյունքում ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառնական նշանակությունը։ Մասնավորապես, քննչական և հակակոռուպցիոն գործառույթներն ամբողջությամբ դուրս են գալու։ ԱԱԾ-ն զբաղվելու է միայն հակահետախուզությամբ, ահաբեկչության դեմ պայքարով ու անվտանգությամբ, և սահմանադրական կարգի պահպանությամբ: «Այսինքն` արտաքին ու ներքին անվտանգությամբ»,-ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքերով՝ պետք է ստեղծվի նաև հետախուզական ծառայություն, քանի որ հետախուզությունը ևս չպետք է լինի ԱԱԾ գործառույթ։

ԱԱԾ-ի բարեփոխումների անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնող իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ուրախ է, որ կառավարությունը վերջապես հանգել է Ազգային անվտանգության ծառայությունը բարեփոխելու անհրաժեշտությանը, բայց, նրա խոսքերով, դեռ վաղ է հստակ խոսել ու քննարկել, թե ինչ են իրենցից ներկայացնելու սպասվելիք բարեփոխումները։ Ըստ Հարությունյանի՝ պետք է հնչեն ավելի հստակ ձևակերպումներ։

Ինչպես նաև պետք է ասվի ժամկետների մասին։ Որքա՞ն ժամանակ է պետք այս կառույցը կամ ոստիկանությունը բարեփոխելու համար՝ 1 տարի, 2 տարի, 10 տարի։ «Իմանալը կարևոր է։ Այն, որ ԱԱԾ-ն պետք է վերջապես դառնա իրական Ազգային անվտանգության ծառայություն և վերջապես կտրի իր կապը պատիվ չբերող КГБ-ից, НКВД-ից, Чека-ից, ակնհայտ էր վաղուց, դեռ 1990-ական թվականներից։ Ցավոք, մեր իշխանությունները ժամանակին չեն գնացել այս միակ ճիշտ ճանապարհով։ Արդյունքում մենք ունենք ԱԱԾ, որը և օժտված է КГБ-ական ֆունկցիաներով, և իրեն որպես КГБ է պատկերացնում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։

Հարությունյանը դրական է համարում, որ քննչական և հակակոռուպցիոն գործառույթները ամբողջությամբ դուրս են գալու ԱԱԾ-ի գործառույթներից, քանի որ դրանք գործառույթներ են, որոնցով այլ կառույցներ պետք է զբաղվեն և, ըստ էության, զբաղվում են։ Խոսքս ոստիկանության ու քննչական մարմինների մասին է։ «Սրանք ԱԱԾ-ից վատ չեն պայքարի կոռուպցիայի դեմ, և ԱԱԾ-ից վատ չեն իրականացնի քննչական գործառույթներ։ Տարիներ շարունակ ԱԱԾ-ին նման գործառույթներ տալն էր անհասկանալի»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ դրական է նաև ԱԱԾ-ից դուրս առանձին հետախուզական կառույց ունենալու գաղափարը։ «Վարչապետի հայտարարությունը, որ ԱԱԾ-ն զբաղվելու է միայն հակահետախուզությամբ, ահաբեկչության դեմ պայքարով ու սահմանադրական կարգի պահպանությամբ, տրամաբանական և ուրախացնող է։ Բայց պետք է հստակեցվի, թե ինչ ենք հասկանում սահմանադրական կարգի պահպանություն ասելով։ Արդյոք դա այն կառո՞ւյցն է, որ կա հիմա, որը 20 տարի շարունակ քաղաքական հետապնդումներով է զբաղվել, որ ընդդիմադիրների դեմ պայքարում իշխանությունների ձեռքին հարմար ու հլու գործիք է եղել, արդյոք դա խորհրդային տարիների 5-րդ վարչությո՞ւնն է, որը կազմակերպում և համակարգում էր քաղաքական հետապնդումները, թե մի նոր կառույց է, որի էությանը քաղաքական հետապնդումներ իրականացնելը խորթ ու անհարիր են լինելու»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031