Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Գեւորգյան. Արտակարգ դրության երկարաձգումը հանրաքվեով պայմանավորված չէ. «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2020 09:30

Մոտենում է կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտը եւ եթե ժամկետը կրկին չերկարաձգվի՝ իշխանությունները պետք է մայիսի 14-ից ամենաուշը 65 օր հետո Սահմանադրական նոր հանրաքվե նշանակեն:

ՍԴ նախագահին ու 6 անդամներին պաշտոնից հեռացնելու հարցով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվեց կորոնավիրուսի տարածման պատճառով, երբ ՀՀ վարչապետն ու «Իմ քայլի» ներկայացուցիչները մարտի 12-ին դադարեցրին հանրաքվեի քարոզարշավը, վերադարձան Երեւան, որից հետո հայտարարվեց արտակարգ դրություն:

Եվ հիմա իշխանությունները երկընտրանքի առջեւ են՝ ինչպե՞ս լուծել ՍԴ ճգնաժամը, բայց եւ չվտանգել հասարակությանը՝ նրանց հանրաքվեի տանելով:

Վերջնական որոշում չկա ոչ արտակարգ դրության ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ոչ էլ հանրաքվեի:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է, դիտարկվում է հնարավորությունը եւ մոտ ժամանակներս կայացված որոշման մասին պատշաճ ձեւով կտեղեկացնեն:

Գեւորգյանը ընդգծեց, որ արտակարգ դրության երկարաձգումը հանրաքվեով պայմանավորված չէ. «Դա պայմանավորված է համավարակի իրավիճակով: Եթե թվերը գնալով աճեն… Դեռ որոշ ժամանակ առաջ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ եթե այս վիճակը շարունակվի, միգուցե եւ արտակարգ դրության ռեժիմը պահպանվի: Եթե որեւէ քաղաքում կամ գյուղում վարակի օջախ է հայտնաբերվում՝ արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս սահմանափակել այդ բնակավայր ելքն ու մուտքը, կարանտին հայտարարել, ինչը, օրինակ, արտակարգ իրավիճակի պարագայում հնարավոր չէ: Եվ որպեսզի մենք ավելի ազատ լինենք մեր գործողություններում, սահմանափակումներ մտցնելու եւ հանելու հարցում, միգուցե պահպանվի այս ռեժիմը, բայց այս պահին դժվար է ասել: Այսօր դեռ ամսի 7-ն է, մինչեւ արտակարգ դրության ավարտը 8 օր ունենք, ավելի մոտ օրերի պարզ կլինի»,- տեղեկացրեց Մանե Գեւորգյանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031