Լրահոս
Օրվա լրահոսը

Համերաշխություն

Մայիս 08,2020 09:00

Կարդացի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի բացատրությունները պետության կողմից օգնություն ստացած քաղաքացիներին դասակարգելու մասին։ Փաստորեն կառավարությունը «քիթը խոթել» է քաղաքացիների անձնական բանկային հաշիվների մեջ և կատաղել։ Ինչպե՞ս կարելի է օգնություն տալ անձանց, ովքեր կարող են իրենց խնայողությունները ծախսել։

Խոսեցի Ֆրանսիայում բնակվող իմ ընկերների հետ։ Պարզվում է ֆրանսիական կառավարությունն առանց բացառության աջակցում է բոլորին, ոչ միայն Ֆրանսիայի քաղաքացիներին, այլև բնակվողներին։ Նույնիսկ ռեստորանների, հյուրանոցների, ոչ միայն աշխատողները, այլև սեփականատերերն են աջակցություն ստանում պետության կողմից, ամբողջովին կամ մասամբ փակում են նրանց կորուստները։

Այսպես․

1.Խոշոր ձեռնարկությունները (Էյր Ֆրանս, Ռենո, Պեժո և այլն)

-Վարկերի ստացման պետական երաշխիքներ ընդհանուր 500 մլրդ եվրո-ի չափով, (հնարավոր է գումարի ավելացում)

– Երեք ամսով կոմունալ վճարներից ազատում (վարձավճարներ, ջուր, էլեկտրականություն, հարկեր)։

-Փոխհատուցումներ բոլոր չաշխատողներին աշխատավարձի 70-80%-ի չափով, կախված աշխատավարձի չափից. եթե աշխատավարձը քիչ է 5000 եվրո-ից 84% , ավելիի դեպքում՝ 70%։

2.Փոքր և միջին ձեռնարկությունները

-Ազատվում են կոմունալ  վճարներից։

-3-4 ամիս ազատվում են հարկերից։

-Բոլոր աշխատողներին աշխատավարձի 84%-ի չափով փոխհատուցում «Համերաշխություն» հիմնադրամից։

-Բոլոր ձեռնարկություններին տրվում է պետական ուղիղ օգնություն, ամսական 1500 եվրո։

3. Բոլոր քաղաքացիների համար, կախված եկամուտներից, զեղչված են կոմունալ վճարումները։

4. Գործազուրկները լրացուցիչ ստանում են 300 եվրո նպաստ և ազատված են կոմունալ վճարումներից։

4. Փողոցներում հատուկ կետեր կան, որտեղ տրամադրվում է անվճար սնունդ։

Իհարկե, Ֆրանսիան իր հայտարարած «Համերաշխություն» ծրագրով առաջատարն է թերևս ողջ աշխարհում։ Բայց այսպիսի մոտեցում են ցուցաբերում նաև եվրոպական այլ երկրներ՝ կախված հնարավորություններից։

Ընդդիմախոսներն, իհարկե կհակաճառեն, թե այդ երկրների հետ չհամեմատվենք, չէ՞ որ դրանք հարուստ երկրներ են։ Հարգելիներս, նայեք մեր հարևան, ոչ այնքան հարուստ Վրաստանին (կարծեմ ըստ վարչապետի Հայաստանի ՀՆԱ-ն գերազանցում է Վրաստանին)։ Վրաստանի կառավարությունը առանց բացառության ազատեց քաղաքացիներին կոմունալ վճարներից, իսկ մեզ մոտ՝ համատարած անջատումներ։

Խնդիրը մոտեցման, պետական մտածողության և, ներեցեք իսկապես ժողովրդի մասին մտածելու մեջ է։ Հայաստանում ամենօրյա ռեժիմով գովազդվում են չնչին օգնությունները, բարկանում, որ որոշակի գումար ունեցողները հանկարծ կարող է օգտվեն դրանցից, անտեսված են մնում շատերը, օրինակ՝ սիրիահայերը։ Այս օրերին հսկայական գումարներ տրվեցին ոստիկանական ինչ-որ անհասկանալի բարեփոխումների համար, ավելացվեցին պետական պաշտոնյաների հաստիքները։ Իսկ հատկապես Հայաստանում էր պետք այս օրերին ունենալ իսկապես «Համերաշխություն» ծրագիր։

Տպավորություն ունեմ, որ վարչապետը ՀՀ բյուջեն համարում է իր անձնականը և անկեղծորեն մտածում, թե ինչո՞ւ պետք է դրանից այլոց բաժին հասնի։ Չէ՞ որ այդ փողերն անհրաժեշտ են յուրայինների պարգևավճարների, շրջագայությունների, այն է՝ հավատարմության համար։ Կարո՞ղ էին արդյոք Մակրոնը և եվրոպական այլ ղեկավարներ այդպես վարվել։ Իհարկե՝ ոչ, քանի որ այդ երկրներն են իրական ժողովրդավարական և նրանք չունեն «ժողովրդի վարչապետ» պաշտոն։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031