Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային առանձնահատկությունները, սովորույթն ու մշակույթը վարակի տարածման աղբյուր դարձան

Մայիս 08,2020 13:00

Պանդեմիայի մերօրյա իրավիճակը, փաստորեն, ոգեշնչել է մեր արվեստագետներին։ «Առավոտը» ներկայացրել էր արձակագիր Դավիթ Սամվելյանի «Զուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը, որը պատմություն է սիրո եւ վարակի ու սիրով վարակված լինելու մասին։ Վանաձորում էլ թատերական մի քանի գործիչներ առաջիկա մեկ-երկու օրերին կներկայացնեն մինչ օրս Հայաստանում չտեսնված մի նախագիծ։ Առաջին անգամ դերասանները օնլայն կխաղան ոչ թե տեսագրված, այլ ուղիղ եթերում։ «Ինձ գտնելու եկա» բեմադրության ռեժիսորն է Տիգրան Սուքիասյանը, իսկ դոկումենտալ այս  «կորոնապիեսի»՝ նոր ժանրի ձեւավորման հեղինակը հանդես կգա գրական կեղծանվամբ՝ Լայվ Բըրոուն, նկարիչներից ոմանք էլ հանդես են գալիս՝ ներկայացնելով իրենց նոր աշխատանքները եւ այլն։

Կորոնավիրուսը, ավելի ճիշտ՝ վերջինիս առկայությամբ պայմանավորված  իրավիճակը թեմա է դարձել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մեր զրուցակիցն է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կինոյի, գովազդի եւ մեդիայի ինստիտուտի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Լիլյա Զախարենկոն, ով ուսանում է Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

Լիլյա Զախարենկոն հայտնեց, որ դասախոսի հանձնարարած թեմայի առիթով համակուրսեցիներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու ազգերի մշակութային առանձնահատկությունները, իսկ ինքը ընտրել է դրանց հայաստանյան առանձնահատկությունները։

«Երկար մտածելուց հետո ընտրեցի Հայաստանը, որովհետեւ մեզանից լավ ոչ ոք չի իմանա մեր մշակույթը, մեր ապրելակերպը եւ մեր սովորությունները։

Ինչպես հայտնի է, մի տիկին վերադառնալով Իտալիայից, որտեղ արդեն լայն տարածում էր ունեցել Covid-19-ը, չլսելով բժիշկների խորհուրդներին, հորդորներին, որոշել էր, որ ինքն առողջ է եւ պետք է մասնակցի մեր ծիսական ավանդական արարողությանը՝ նշանդրեքի։ Ո՞նց եք պատկերացնում հայի նշանդրեքը առանց ճոխությունների եւ մինիմում 500 հոգու։ Ո՞նց ցույց չտալ, որ դու ավելի ճոխ ես, քան, ասենք՝ խնամին… Սա է մեր մշակութային առանձնահատկություններից մեկը։ Անպայման պետք է անցնել բոլոր խանութներով, բոլոր գեղեցկության սրահներով, ընտրել, օրինակ, ամենամեծ կամ շքեղ խմորեղենը… չմոռանալ ղեկավարել սրահը զարդարելու պրոցեսը, չգիտակցելով, որ ստանձնում է Հայաստանում վարակ «տարածողի դերը»։ Ահա եկավ աստղային ժամը։ Ընդունելով բարեկամների եւ հյուրերի շնորհավորանքները, բնականաբար՝ գրկախառնումներով, պաչիկներով… դա էլ է, չէ,՞ անպակաս  մեզանից»,- հայտնեց Լիլյան։ Հետո էլ հավելեց. «Ինչպես գիտենք, վիրուսը փոխանցվում է ավելի շատ հենց այդպես։ Գագաթնակետն էլ շուրջպարն է՝ քոչարին… Ազգային պար՝ ստեղծված դեռ 5-րդ դարում։ Իսկ թե ո՞նց են այն պարում, բոլորս լավ գիտենք: Ցավոք, ստացվում է, որ մեր երկրում հենց ազգային առանձնահատկությունները, սովորույթն ու մշակույթը վարակի լայն տարածման աղբյուր դարձան»։

Մագիստրոսը կարծում է, որ մեկուսացման մեջ անցկացրած օրերը, երբ զերծ ենք մնում մեծ հավաքույթներից եւ նմանատիպ միջոցառումներից, հնարավորություն կտան ամենքիս վերարժեւորել մեր մշակույթը։ Սա մեծ հնարավորություն է ինքնակրթվելու, զարգանալու համար։

Զրույցի ընթացքում Լիլյան հակիրճ ներկայացրեց համակուրսեցիներից  մեկ-երկուսի թեմաները. «Լարիսա Գյուլխասյանն անդրադարձել էր վիրուսի տարածմանը Իտալիայում։ Տեղի «Աթալանտայի» եւ իսպանական «Վալենսիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի համար նախատեսված ֆուտբոլային հանդիպումը վիրուսի տարածման համար ծառայել է որպես կենսաբանական ռումբ: Բերգամոյից մոտ 40.000 մարդ այցելել է Միլան՝ խաղը դիտելու։ Նրանք դեռ չգիտեին, թե ինչ է կատարվում աշխարհում: Ու քանի որ Միլանը հանդիսանում է նորաձեւության եւ շոփինգի հանգրվան, միշտ լեփ-լեցուն է լինում։ Հայտնի է, որ իտալացիները տեմպերամենտով շատ նման են հայերին, շատ են սիրում հավաքույթներ, զբոսանք, ակումբներ, բարեւել ձեռքով, պաչիկներով։ Առավոտյան սուրճը անբաժան է իտալացիներից եւ այլն։ Իսկ Գայանե Ավետիսյանը ընտրել է ճապոնական մշակույթը։ Ճապոնացիները վաղուց արդեն սովոր են մասսայական կրել պաշտպանիչ դիմակներ: Դա, իհարկե, խանգարում է ցանկացած վարակի տարածմանը: Կարեւոր է նաեւ այն, որ ճապոնացիներն առօրյա կյանքում խուսափում են ուղղակի ֆիզիկական շփումից։ Նրանք գերադասում են խոնարհվել, այլ ոչ թե ձեռքով բարեւել: Անհնարին է գրկախառնությունը ու համբույրները իտալական ոճով։ Դա ինչ-որ չափ կանխել է վիրուսի լայն տարածմանն այնտեղ։ Ալվինա Արոյանը անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Իրանը, ի դեպ, այն երկրներից է, որտեղ կորոնավիրուսը հասել է ամենաբարձր ցուցանիշներին առաջին օրերին: Ամեն ինչ սկսվել է Ղոմ քաղաքից, որը կրոնական կենտրոն է: Կրոնական տոների կապակցությամբ այնտեղ հավաքվել էին մեծ թվով մարդիկ՝ տարբեր քաղաքներից եւ տարբեր երկրներից, այդ թվում՝ նաեւ Չինաստանից: Բնականաբար, նման պայմաններում այս վիրուսի վարակը անխուսափելի էր»:

Լիլյա Զախարենկոն, որը բալետի ճանաչված պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է, հատուկ շեշտեց, որ ինքը զբաղվում է նաեւ լուսանկարչությամբ, որպես կամավոր մասնակցել է տարբեր բարեգործական նախագծերի, որոնցից վերջինը օրերս անցկացված ծառատունկն էր եւ նպատակ ունի ապագայում զբաղվելու  բարեգործական ձեռնարկներով:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031