Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրել՝ նշանակում է հույզեր ունենալ, եթե հույզեր չունենք, ոնց որ թե չենք էլ ապրում». Լիլիթ Սիմոնյան

Մայիս 08,2020 12:00

Ազգագրագետը՝ կորոնավիրուսից վախեցած ստերիլապաշտների, Վարդավառի «բարբարոսության», ռուսական «բլինչիկը» մեզնով անելու  եւ մեր բետոնապատ աշխարհի մասին

«Եթե ԽՍՀՄ տարիներին մարդիկ մեծ նշանակություն էին տալիս մրցանակ ստացողներին, նրանց անունը սկսում էր հնչել, ապա անկախության տարիներին մի տեսակ անհասկանալի է հասարակության վերաբերմունքը: Հա, ի՞նչ անենք, որ մրցանակ ես ստացել, լավ ես արել, քեզ համար ես ստացել. այսպիսի վերաբերմունք զգացինք: Ոնց որ դա ավելի շատ անհատական նվաճում էր». ազգագրագետ, հոգեբան, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Սիմոնյանը 2018-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ «Ծառ-ծաղկաքաղիկ» գրքի համար: Ժողովածուն նվիրված է ծաղիկների, խոտաբույսերի եւ ծառերի հետ կապված հայկական ծեսերին, հավատալիքներին: Մեզանից շատերը չեն խորանում, թե որ ծաղիկն ինչ նշանակություն ու  խորհրդանիշ ունի, թվում է՝ բավարար է իմանալ միայն այն, որ թաղմանը զույգ ծաղիկ պիտի տանեն, ուրախության առիթներին՝ կենտ: Լիլիթ Սիմոնյանը ցավ է ապրում, որ այսպես տարեցտարի բնության հանդեպ հարգանքը վերանում է, բնությունը դառնում է դեկորացիա.

«Դա ի վերջո տանելու է դեպի բնական աղետներ ու տանում է: Ես հանդիպում եմ չարքերից վախենալու մակարդակի մաքրասիրության: Թագավարակի հանդեպ վերաբերմունքը հենց այդ մշակութային երեւույթի գագաթնակետն է: Միկրոբներից, տեսակ-տեսակ վիրուսներից վախենալով՝ ամեն ինչ ախտահանում են այն աստիճանի, որ բնությունը վերացնում  են իրենց շուրջ: Մարդիկ իրենց տանը չեն պահում բույսեր, կենդանիներ: Գերադասում են, որ միջավայրն ասֆալտապատ լինի, իրենց կոշիկները չկեղտոտվեն, ծառերից ինչ-որ տերեւ չընկնի իրենց վրա, հանկարծ միջատներ չտարածվեն, ու բնության հանդեպ գրոհ է տեղի ունենում այս մաքրասերների կողմից: Ես նման մարդկանց ոչ մի կերպ չկարողացա բացատրել, որ եթե ծառերի վրա մարդիկ լաթեր են կապում, դա չի վնասում ծառը։ Ծառը վնասվում է, երբ բետոնե վանդակի մեջ եք առնում»:

Ըստ հոգեբանի, կորոնավիրուսի դեմ պայքարն այնպիսի ծայրահեղ դրսեւորումներ է ունենում, ինչպիսին նախկինում էր, երբ անտեսանելի չարքերի ու ոգիների դեմ էին պայքարում.

«Սարսափելի մեծացել է հոգեբաններին դիմող մարդկանց քանակը, որովհետեւ թագավարակի մեջ տեսնում են ոչ կառավարելի բան, չեն ասում՝ դե հիմա կհիվանդանամ՝ կհիվանդանամ, ի՞նչ է եղել: Անձնական խորքային մակարդակների հասնող սարսափելի վախ է, որը իսկապես անտեսանելի չարքերի տագնապներին է նման, ոչ թե գիտակցված զգուշության, ինչն ամենաճիշտ ձեւն է պաշտպանվելու ցանկացած հիվանդությունից: Այն մարդիկ, ովքեր տանը բույսեր ունեն, այգիներ ունեն, տեսնում են գարնան ծաղկունքը, նրանք հոգեբանորեն շատ ավելի ամուր ու պաշտպանված են»:

Լիլիթ Սիմոնյանը կարծում է, որ մեզ պակասում է հրաշքի զգացումը, դրա համար մարդն ապրել չի ուզում, խորանում են դժգոհությունները.

«Դա սկսվել է դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ համարյա բռնի ձեւով կրոնն ու գիտությունն իրարից անջատեցին: Գիտության վերաբերմունքը պետք է լինի շատ չոր՝ հրաշքներ չեն լինում, կան երեւույթներ, որոնք մենք դեռեւս չենք բացահայտել: Բայց չէ՞ որ նույնիսկ եթե մենք գիտենք, թե ինչպես է ծնվում մարդը, միեւնույն է, մարդու ծնունդը հրաշք է: Նույնիսկ եթե մենք գենետիկ կոդերը կարդանք, ինչպես թերթն ենք կարդում, միեւնույն է, մարդու ծնվելը հրաշք է, ու մեզ շրջապատող աշխարհին գեղագիտական հրաշքին միանալու տեսանկյունից պիտի նայենք: Իսկ հիմա մի տեսակ դա համարվում է երազկոտություն, ինչը շատ վատ է: Հրաշքի զգացողությունը սնում է մարդու էմոցիոնալ էներգետիկ դաշտը, իսկ մարդը էմոցիաներով է ապրում: Ապրել՝ նշանակում է հույզեր ունենալ, երբ մենք հույզեր չունենք, մենք ոնց որ թե չենք էլ ապրում, ինչի՞ համար ապրել, մարդը պետք է ունենա մոտիվացիա՝ ստեղծել, չարչարվել: Երբ որ մարդը դա սկսում է փոխակերպել դրամական էկվիվալենտի, սկսում է դեգրադացվել»:

Շատերն այսօր խոսում են հայի գենից, մեր ավանդույթներից, ավանդական արժեքներից, բայց երբ խորանում ենք, տեսնում ենք, որ պատկերացումները շատ են փոխվել: Լիլիթ Սիմոնյանի դիտարկմամբ՝ չի կարելի ամեն ինչից հրաժարվել.

«Եթե մենք ինչ-որ բան յուրացրել ենք, տնայնացրել ու հայավարի ենք դարձրել: Նույն «բլինչիկը» փոխառել ենք ռուսներից, բայց հայի սարքած «բլինչիկը» բոլորովին նման չէ ռուսականին: Մենք ունենք մեր հայկական տիպական բորշչը: Մենք նույնիսկ հագուստը մի քիչ ուրիշ ձեւով ենք կրում, թեկուզ փոխառել ենք ուրիշներից: Այստեղ խնդիրն ուրիշ տեղ է՝ մենք ազգային գիտակցությա՞մբ ենք դա անում»:

Մեր օրերում եկեղեցական տոները, օրինակ, Զատիկը, Վարդավառը նշում ենք մի տեսակ «բռիությամբ».

«Եթե մենք Վարդավառի ծեսին նայում ենք ստերիլապաշտների դիտանկյունից, դա բարբարոսություն է: Ասենք՝ ջրել որեւէ մեկի թանկարժեք հագուստը, որը նա գնել է բրենդային խանութից, արդուկել է, չարչարվել է, իսկ դու իրեն ջրում ես, իրեն դնում ես հիմար դրության մեջ: Կամ՝ մազերը հարդարել է, փող է ծախսել, դու ջրում ու սանրվածքն ավերում ես: Բայց եթե բնության դիտանկյունից ես նայում՝ մարդուն ուղղակի ջրում են այնպես, ինչպես ջրում են ծառը, եւ ոչ մի բարբարոսություն չկա: Եթե մենք ապրում ենք մեր բետոնե բնակարանների մեջ, մե՞զ ինչ Զատկի տոնը, մե՞զ ինչ Համբարձումը, Եղիան… Մարդիկ հնում հետեւում էին բնության ամեն մի քայլին: Իսկ մենք մեր հեռուստաինտերնետային աշխարհում դրա կարիքը չունենք, մտնում ենք որեւէ կայք ու նայում, թե վաղն ինչ եղանակ է սպասվում: Իսկ կար ժամանակ, որ մարդիկ թերթի նման կարդում էին բնությունը, բնականաբար, այդ տոներն այդ մարդկանցն էին, մեզ համար խորթ են: Եթե մենք մեզ վերագրում ենք այն մշակույթին, որը կարելի է ուղղակի «ռուբիլնիկով» անջատել, մի պահ պատկերացրեք, որ մի տարի էլեկտրականություն չի լինում, ու այդ ամբողջ մշակույթը մեռնում է, իսկ մարդիկ վերադառնում են  բնությանը հետեւելու հին մշակույթին: Չգիտես ինչու, երբ մարդիկ լավ են ապրում, իրենց թվում է, թե միշտ այդպես է լինելու: Բայց 90-ականները մեզ համար շատ մեծ դաս էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակները ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
07.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031