Մոնսերատ Կաբալյեի ճակատագրական սիրավեպը՝ երջանիկ ավարտով
Իսպանացի օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն լեգենդ էր համարվում դեռեւս կենդանության օրոք:
Նրա հրաշալի ձայնը հնարավոր չէ շփոթել այլ երգչուհիների ձայների հետ:
kulturologia.ru-ն որոշ մանրամասներ է ներկայացրել երգչուհու կյանքից, որը տեւական ժամանակ կարծում էր, թե դժվար ամուսնանա եւ որոշել էր իրեն նվիրել երաժշտությանը, մինչեւ չհանդիպեց իսպանացի տենոր Բերնաբե Մարտիին:
Կարդացեք նաև
Նրանց հանդիպումը փոխեց երկուսի կյանքը, ի դեպ, ծանոթության սկզբում Մարտին ասել էր, որ վախենում է կորցնել իր անկախությունը եւ երգչուհուն առաջարկել ոչ թե ամուսնություն, այլ ուղղակի ազատ հարաբերություններ: Կաբալյեն, սակայն, մերժել էր նրան:
1933թ. ծնված Մոնսերատի ընտանիքը աղքատ էր, տարեկիցները հաճախ էին ծաղրում նրան ընդամենը մեկ զգեստ ունենալու համար: Ապագա երգչուհին լուռ կուլ էր տալիս վերավորանքները ու երազում հայտնի ու ինքնաբավ մարդ դառնալու մասին: Յոթ տարեկանում նա առաջին անգամ թատրոնում ունկնդրեց Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», ինչը նրա համար շրջադարձային եղավ: Մայրը տեսավ, թե ինչ գեղեցիկ է դուստրը որոշ հատվածներ կատարում հայտնի օպերայից: Հետագայում նա ընդունվեց կոնսերվատորիա: Ավտովթարի պատճառով Մոնսերատը վնասել էր գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է օրգանիզմի ճարպերի այրման համար: Վթարից հետո նա սկսեց անասելի գիրանալ: Շատերը ծաղրում էին, որ նա այդ գիրությամբ ավելի լավ է խոհանոցում եփի-թափի, քան բեմում ելույթ ունենա: Երգչուհին չէր ընկրկում: Նա օրական երկու ժամ զբաղվում էր գիմնաստիկայով, ողջ օրը աշխատում ձայնի վրա:
Օպերային ներկայացումներից մեկի ավարտից հետո Մոնսերատ Կաբալյեն գնաց կուլիսներ՝ իր հիացմունքը հայտնելու տենոր Բերնաբե Մարտիին, հանդիպումը, սակայն, հիասթափեցրեց նրան: Մի քանի ամիս անց տենորն ու Կաբալյեն միասին հանդես եկան «Մադամ Բաթերֆլայում»: Ներկայացման գլխավոր դիմահարդարը օպերային երգչուհուն մեղմորեն ակնարկել էր, որ չպետք է ամաչել բեմական համբույրից, որովհետեւ դա կարող է դիտվել որպես ոչ պրոֆեսիոնալիզմ: Նրա երկչոտությունը զայրացրել էր նաեւ խաղընկերոջը: Հաջորդ անգամ Մարտին ավելի կրքոտ համբուրեց Կաբալյեին: Ներկայացումից հետո սոպրանոն տենորին դժգոհեց, որ հանրության առաջ չպետք է նման վերաբերմունքի արժանացնել լեդիին, իսկ Մարտին էլ պատասխանեց, որ լեդիի հետ այդպես վարվել չարժի, բայց ամաչկոտ կինը արժանի է նման վերաբերմունքի: Կաբալյեն հասկացավ, որ ինքը հենց այդպիսի տղամարդու կուզենար իր կողքին տեսնել:
Նրանք սկսեցին հանդիպել: Մոնսերատն արդեն համատեղ կյանքի պլաններ էր հյուսում, երբ Բերնաբեն ասաց, որ վախենում է ազատությունը կորցնելուց եւ հրաժարվում է ամուսնական կյանքից: Մոնսերատը որոշեց չշարունակել կապը: Մեկ տարվա ընթացքում Մարտին նրան երկու անգամ զանգահարեց՝ մի անգամ շնորհավորելու համար հաջող ելույթը, իսկ երկրորդ անգամ ասաց, որ կարեւոր խոսակցություն ունի:
Հաջորդ օրը նա եկավ Մոնսերատի տուն ու հենց շեմից նրա մորից խնդրեց դստեր ձեռքը: Իսկ օֆիցիալ առաջարկություն արեց բեմի վրա՝ «Մադամ Բաթերֆլայ» ներկայացման ժամանակ:
1964թ. օգոստոսի 14-ին նրանք ամուսնացան Մոնսերատ լեռան գագաթին գտնվող եկեղեցում, որտեղ հասնելու ընթացքում երգչուհու հարսանեկան զգեստը ցեխոտվել էր, սակայն նա անչափ երջանիկ էր: Նրանց միությունը շատ հաջող էր: Մոնսերատն ու Բերնաբե Մարտին երկու զավակ ունեցան, որոնց կոչեցին իրենց անուններով: Կրտսեր Մոնսերատը, կամ ինչպես ծնողներն էին անվանում դստերը՝ Մոնսիտան հետագայում դարձավ օպերային երգչուհի: Կրտսեր Բերնաբեն կապ չունի արվեստի հետ:
Բերնաբեն եւ Մոնսերատը համատեղ կյանքի 54 երջանիկ տարիներ ապրեցին, 2018թ. երգչուհին հեռացավ կյանքից: Նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում հանդես է եկել ավելի քան 120 օպերաներում, թողարկել բազմաթիվ ձայնասկավառակներ, եղել սպասված լավագույն բեմերում, արժանացել «Գրեմմիի», փառքի պակաս երբեք չի ունեցել:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2020