Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ի հարուցած ճգնաժամի հաղթահարման սոցիալական օժանդակության ծավալները համահունչ չեն ՀՀ-ում առկա իրավիճակին. վերլուծություն

Մայիս 07,2020 21:07

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հրապարակել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում և Հայաստանում» համեմատական վերլուծություն:

«ՀՀ-ում COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ փաթեթի ծավալը, ինչպես նաև դրանում սոցիալական բաղադրիչի մասնաբաժինը, համահունչ չեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակին և ժամանակի պահանջներին»,- այսպիսի եզրահանգում կա «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակված Նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում և Հայաստանում. համեմատական վերլուծության մեջ:

Հիմնադրամի պատրաստած վերլուծության մեջ ներկայացված են ճգնաժամի հաղթահարման միջոցառումները ԱՄՆ-ում Գերմանիայում, Ռուսաստանում, Հունգարիայում և այլ երկրներում:

Համեմատական վերլուծություն է կատարվել այդ երկրներում և Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների միջև: Ներկայացված են նաև տնտեսագետների դիտարկումներ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների և ընդհանուր իրավիճակի գնահատման ուղղությամբ:

Օրինակ՝ ԱՄՆ-ում COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ միջոցառումների ծավալը 3,060.9 մլրդ դոլար է կամ ՀՆԱ-ի 14.285 տոկոսը, Գերմանիայում ՀՆԱ 59.899 տոկոսը, Ռուսաստանում ՀՆԱ 2,1 տոկոսը: Տարածաշրջանում այս հարաբերակցությամբ Հայաստանը նախավերջին տեղում է՝ առաջ է միայն Թուրքիայից: Վրաստանում ճգնաժամի հաղթահարման միջոցառումների ծավալը ՀՆԱ-ի 4 տոկոսն է կազմում, Ադրբեջանում այդ ցուցանիշը 3 տոկոս է, Իրանում 14, Հայաստանում 2,3 տոկոս, իսկ Թուրքիայում 2 տոկոս:

Զեկույցում ներկայացված է ամփոփ տեղեկատվություն ՀՀ հակաճգնաժամային միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ 10-ը ունեն սոցիալական ուղղվածություն, իսկ 5-ը՝ տնտեսական: Տնտեսական միջոցառումների շարքում հարկային արձակուրդներ չեն նախատեսվել: Հարկային քաղաքականության արձագանքը դրսևորվել է համապատասխան օրենքում ժամկետանց հարկային պարտավորությունների տույժի դրույքաչափի նվազեցմամբ:

Կանխատեսումների հատվածում զեկույցում կարդում ենք. «Տնային տնտեսությունները կբախվեն խնդիրների՝ կապված իրենց վարկերի սպասարկման հետ, ինչը կբերի ամբողջական պահանջարկի կրճատման: Չկարողանալով իրացնել իրենց արտադրանքը՝ տնտեսավարողները նույնպես կկանգնեն վճարունակության խնդրի առջև: Այլ կերպ ասած՝ շղթայական ռեակցիայով կավելանան բանկային համակարգի չաշխատող վարկերը»:

Անդրադառնալով հակաճգնաժամային փաթեթի կառուցվածքին՝ առանձնացվել են մի մի շարք դիտարկումներ. «Միջազգային փորձը վկայում է, որ անհրաժեշտ է ավելացնել տնտեսական բնույթի անհատույց միջոցառումների ծավալները ՀՀ-ում: Հակաճգնաժամային փաթեթի առանձնահատկություններից է հարկային արձակուրդների բացակայությունը, որը կառավարությունը հիմնավորում է հարկային կարգապահության պահպանման կարևորությամբ: Սակայն սույն վերլուծության շրջանակներում դիտարկված երկրների մեծ մասը դիմել է այս գործիքի կիրառությանը, քանի որ վերջինիս ազդեցությունը դրսևորվում է չափազանց արագ և թիրախավորված»:

Ըստ վերլուծության արդյունքների՝ խնդրահարույց է նաև կառավարության հակաճգնաժամային փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը հարկային արձակուրդների բացակայության, ինչպես նաև անհատույց գործիքների սահմանափակ կիրառության պատճառով չի ծառայում իր հիմնական նպատակին՝ տնտեսությանը ապահովել իրացվելիությամբ՝ արագ և թիրախավորված:

Ըստ զեկույցի եզրակացությունների՝ կառավարության քաղաքականությունը որոշ դեպքերում ավելացնում է անորոշություններն ապագա տնտեսական զարգացումների վերաբերյալ: Մասնավորապես, հստակ չէ առողջապահական համակարգի և տնտեսական գործունեության փոխկապակցվածությունը, ինչի պատճառով տնտեսավարողների և բնակչության շրջանում առաջանում են խուճապային տրամադրություններ: Եզրակացությունը մեկն է. «Այս հանգամանքների բերումով տնտեսության վերականգնումը կարող է պահանջել կանխատեսվածից ավելի երկար ժամանակ՝ հասարակությանը ստիպելով վճարել ավելի բարձր «սոցիալական գին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031