Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք ինչն է միավորում կրծողներին եւ կոռուպցիոներներին՝ նրանք երկուսն էլ արագ ճողոպրելու եւ թաքցնելու յուրահատուկ ճարպկություն ունեն». Կոնջորյանի սուր ելույթը

Մայիս 07,2020 19:11

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր կառավարության 2019-ի ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում իշխանություններին համեմատեց այն այգեպանի հետ, որն ուզում է այգի մշակել ու պետք է մաքրի տարածքը մոլախոտերից ու վնասատու միջատներից, ենթակառուցվածքներ ստեղծի, նոր բույսեր տնկի եւ այլն:

Նա խոսեց նախկին հովանավորչության, կոռուպցիայի, հայկական օլիգարխաբդեշխային հովտի մասին, որոնք առաջնորդվում էին «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» կարգախոսով: Արդյունքում՝ բազմաթիվ խաբված ներդրողներ, ունեզրկված եւ պանդխտացած քաղաքացիներ, գլխիկոր հեռացած սփյուռքահայեր. «Այժմ մոլախոտերի ու փշերի մեջ խեղդված շիվերը նորերով փոխարինելու ժամանակն է եւ այգեպանի փոցխը արմատախիլ է անելու նորանոր փշերի արմատներ»:

Նա ասաց, որ նախորդ տարի կառավարությունը նորոգել է ավելի քան 460 կմ ճանապարհ, իսկ ճանապարհը երկրի դեմքն է, օտարին դիմավորում է, հյուրերին ճանապարհում ու եթե պետությունը ճանապարհ է կառուցում, ուրեմն ունի ապագայի տեսլական: Լավ ճանապարհը պետության ներդրումն է բոլորի կյանքում՝ զինվորից մինչեւ գյուղացի. «Եթե ճանապարհ չես կառուցել, եթե  կերել ես ասֆալտը, ապա դու հարվածել ես զինվորին, որը ժամանակին տեղ չի հասնելու, գործարարին, որը դանդաղ է փող աշխատելու, տուրիստին, որը չի գալու քո երկիր, մշակույթին, որը չի տարածվելու: Ու եթե լափել ես ժողովրդիդ երազանքը, գողացել ես երկրիդ ապագան, ապա ազգափրկիչ լալահառաչ ճամարտակություններդ այսօր գրոշի արժեք չունեն»:

Հետո նա անցում կատարեց այգու ֆաունայի եւ ֆլորայի ամենաուշագրավ առանձնյակներին՝ կրծողներ եւ միջատներ. «Երկար ու ձիգ տարիներ, երբ մենք իրար հարց ենք տվել՝ ի՞նչն է ամենաշատն արգելում մեր երկրի առաջընթացը, պատասխանը եղել է կոռուպցիան:

Կոռուպցիան դարանակալել է բանակի թիկունքում՝ տորպեդահարելով ԶՈՒ-ն, գերեվարել է դպրոցներն ու համալսարանները, ախտահարել առողջապահության համակարգը, ստրկացրել պետական կառավարման համակարգը, հուսալքել է մարդուն»:

Կոնջորյանը խոսեց հասարակության բաժանման մասին՝ տերովների եւ անտերների, պերճաշուք պալատների ու չքավոր հետնախորշերի: Իսկ հեղափոխության արդյունքում, ըստ նրա, փլուզվել է անպարտելի թվացող այդ համակարգը, եկել է ավգյան ախոռները մաքրելու ժամանակը. «Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն հանցագործության բացահայտումների աննախադեպ աճ: Այս պահին կան հարուցված բազմահազար քրգործեր, որոնցով անցնում են բազմաթիվ նախկին պաշտոնյաներ: Կոռուպցիոն սխեմաների եւ հարկային խարդախությունների բացահայտման արդյունքում պետբյուջե է վերադարձվել 105 մլն դոլար, որը նախորդ 11 տարիներին վերադարձված ընդհանուր գումարը գերազանցում է 7 անգամ»:

Ըստ պատգամավորի, նախկին ռեժիմի անդամները, մեղայականով հանդես գալու ու ներողություն խնդրելու փոխարեն փորձում են աճպարարությամբ խուսափել պատասխանատվությունից եւ անգամ դիրքավորվում են՝ իբրեւ քաղաքական այլախոհներ. «Ստացվում է՝ քաղաքականության միջոցով գողացել են ժողովրդի հարստությունը, իսկ հիմա քաղաքականության միջոցով ձգտում են պահել գողոնը: Բայց փոխվել են ժամանակները եւ փոխվել է նաեւ քաղաքականությունը: Գիտե՞ք ինչն է միավորում կրծողներին եւ կոռուպցիոներներին՝ նրանք երկուսն էլ արագ ճողոպրելու եւ թաքցնելու յուրահատուկ ճարպկություն ունեն, ուստի ես համոզված եմ,որ դատական համակարգի բարեփոխման մարտահրավերներին զուգահեռ կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի ուժեղ իրավապահ համակարգի կայացումը, որի գործընթացն արդեն իսկ սկսվել է»:

Ելույթի վերջում Կոնջորյանը Աստվածաշնչից մեջբերում արեց. «Մատթեոսի ավետարանում Հիսուսն ասում է՝ մի՞թե փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղեն: Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս եւ չար ծառը՝ չար պտուղ: Լավ ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը՝ լավ պտուղ: Բայց մարդը ծառ չէ, հարգելի՛ գործընկերներ, ծառը չի կարող վերաիմաստավորել սեփական վարքը եւ որոշումները, իսկ մարդը կարող է: Նրանք, ովքեր վերափոխվելու կամք  ունեին, ունեին դրա համար ժամանակ: Հիմա եկել է զատելու լավ պտուղը վատից: Սա համարում եմ այս տարի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031