Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, երեկ խորհրդարանում վարչապետն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում: «Ուրիշ բան է մի երկիր, որ բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես «Ճ» կլասի երկիր, եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք»,-ասաց նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, որը 1990-1995 թվականներին եղել ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, 1995-1999 թվականներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Aravot.am-ի հետ զրույցում, վարչապետի հայտարարությանը վերաբերող մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոչ թե կմեկնաբանի վարչապետին, այլ իր պատկերացումները կներկայացնի, ինչի մասին խոսել է հեղափոխությունից հետո` մշտապես:
Ըստ Հովհաննես Իգիթյանի, մինչ հեղափոխությունը Հայաստանն իր հարաբերությունները Եվրոպայի հետ կառուցում էր իմիտացիոն ձեւով`իբր ժողովրդավարություն էր կառուցում, իբր մարդու իրավունքների համար էր պայքարում եւ այլն. «Այստեղից էր գալիս եվրոպական մեր գործընկերների մոտեցումը Հայաստանի նկատմամբ`ինչքան շատ անեք, այդքան շատ կստանաք, բանաձեւով: Դա նշանակում է`դուք արեք մի քիչ բարեփոխումներ`դեպի ժողովրդավարություն եւ դրա համար գումար կստանաք, ինչը, իմ կարծիքով, Հայաստանի համար նույնիսկ նվաստացուցիչ էր: Այդպիսով, ստացվում էր, որ ԵՄ-ի համար մեր ժողովրդավարական զարգացումներն ավելի էին արժեւորվում, քան մեզ համար»:
Իսկ այժմ, Հովհաննես Իգիթյանի հավաստմամբ, մենք մեր գործընկերներին Եվրոպայում, չենք ասում`այն ինչ-որ անում ենք, անում ենք, որովհետեւ դուք եք պահանջում, այլ անում ենք նրա համար, որովհետեւ մեր ժողովրդին, մեր հասարակությանն է դա պետք. «Եվ առաջին քայլը, որը արեց մեր հասարակությունը, իրականացրեց Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավարական, իսկ Եվրոպայի կողմից ամենադրական գնահատականը ստացած ընտրությունները: Մեզ այսօր պետք չէ իմիտացիա անել ԵՄ-ի առջեւ, դա մեզ է պետք: Դա նոր ռազմավարություն է եվրոպական գործընկերների հետ»:
Կարդացեք նաև
ՌԴ-ի հետ նախկինում Հայաստանի քաղաքականության առնչությամբ մեր զրուցակիցը հիշեցնում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա շրջապատի արդարացումները, թե ինչո՞ւ Հայաստանը մտավ ԵԱՏՄ. «Ասում էին`եթե չմտնեինք, ապա մեզ կպատժեին: Եվ Հայաստանն այնտեղ սուս ու փուս, երկար ժամանակ նստած էր, հիշում եք`Ղազախստանի նախագահի ստորացուցիչ հայտարարությունը, Ալիեւի նամակը եւ այլն: Ի՞նչն է փոխվել հիմա: Մենք ստացել ենք այդ ժառանգությունը`ԵԱՏՄ-ի անդամ լինելը, բայց մենք արդեն տեսնում ենք, որ Հայաստանը ոչ միայն այնտեղ անդամակցում է, այլ ձայն է բարձրացնում: Հայաստանի օրինակը նաեւ օրինակ ծառայեց ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար, որոնք եթե նախկինում փորձում էին լուծել հարցերը ՌԴ-ի հետ երկկողմանի հարաբերությունների ձեւով, այսօր հարցերը բարձրացնում են միության շրջանակներում: Այսինքն, մեր մոտեցումը հետեւյալն է` եթե մենք այդտեղ անդամ ենք եւ կազմակերպությունն ունի կանոնադրություն, նպատակներ, մենք այնտեղ մեր շահերը պետք է բարձրացնենք եւ պաշտպանենք: Սա միանգամայն նոր մոտեցում է: Հայաստանը երբեք ինքնուրույն եւ արժանապատիվ ձեւով չի եղել ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես հիմա է»:
Լեռնային Ղարաբաղի հարցում, հատկապես 2008-ի ընտրություններից արդյունքում, լեգիտիմության պակաս ունեցող իշխանություններին, ըստ Հովհաննես Իգիթյանի, ցանկացած միջազգային խաղացող ինչ ուզում`թելադրում էր: «Հիշո՞ւմ եք հայկական կողմերին, իրականում կողմին`Ղարաբաղը չկար, առաջարկված տարբեր սկզբունքներ, պլաններ: Այսօր Հայաստանը ներկայացրել է իր մոտեցումները` Մյունխենի 6 սկզբունքները, վարչապետի, ԱԳ նախարարի հայտարարություններից պարզ երեւում է, որ Հայաստանը չի պատրաստվում քննարկվել որեւէ փաստաթուղթ, եթե բանակցային սեղանի շուրջ չկա Լեռնային Ղարաբաղը: Սա նոր մոտեցում է»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ իհարկե, Ղարաբաղը բանակցային փուլի անդամ եղել է`մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելը, բայց դա այդքան երկար չի եղել, ուստի, հիմա կարեի է ասել, որ այս մոտեցումը նոր է եւ հիմա մենք նոր ենք ձեւավորում ԼՂ-ի հետ կապված մեր մոտեցումը, այդ հարցի հետ կապված մեր արտաքին քաղաքականությունը:
Դիտարկմանը`ասացիք, որ հիմա մեզ չեն թելադրում, բայց ՌԴ ԱԳ նախարարը շատ հստակ հայտարարեց, որ բանակցությունների սեղանին հարցի լուծման փուլային տարբերակն է, ՀՀ վարչապետը շարունակում էր պնդել, որ բանակցություններ չկան, մինչդեռ ԱԳ նախարարն առաջարկեց տեղի ունեցած գործընթացը բանակցություն անվանել, երեկ էլ վարչապետն ԱԺ հարթակից այդպես էլ հստակ չասաց` Սերգեյ Լավրովի հայտարարությունը`փուլային տարբերակի մասին ճի՞շտ էր, թե՞ սուտ, Հովհաննես Իգիթյանը հակադարձում է`պնդելով, որ ՌԴ ԱԳ նախարարը չի ասել, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է. «Այլ ասել է, որ մեկ տարի առաջ, 2019 թվականի ապրիլին մենք տարածել ենք եւ քննարկվում է մի տարբերակ… եւ նա երկար խոսում էր այդ տարբերակի ձեւավորման փուլերի մասին` հիմնականում Կազանի հետ կապված, այն, ինչը որ ժամանակին կոչվում էր «Լավրովի պլան»: Այսինքն, ինքը չի ասում, որ կա այսպիսի բան, ասել է`մենք տարածել ենք: Ընդ որում, դա ինքն ասել է իր անունից, այլ ոչ թե Մինսկի խմբի համանախագահների անունից, որպես ինստիտուցիոնալ ձեւ, ինչի մասին, որ ԱԳՆ-ի հայտարարությունը եղավ»:
Եթե Հովհաննես Իգիթյանը լիներ վարչապետի խորհրդական, խորհուրդ կտար`չպատասխանել Լավրովի այդ «աբստրակտ հայտարարությանը», որովհետեւ այն ուղղված չէր Հայաստանին, այլ ոչ պաշտոնական հարթակից բոլորին ուղղված մի հայտարարություն էր: Մինչդեռ վարչապետը պետք է պատասխանի այն հարցապնդումներին, որոնք ուղղված են մեզ: «Այն մարդիկ, ովքեր որ այդպես են մտածում, լո՞ւրջ կարծում են, որ արդեն մեկ տարի կա բանակցություն, կա փուլային տարբերակը եւ այդ տարբերակի մասին ոչ միայն հասարակությունը, այլ նույնիսկ մենք`պատգամավորներս, որ բազմիցս քննարկում ենք այդ հարցը վարչապետի հետ, չգիտե՞ն այդ փաստաթղթի մասին: Լավ, ով չի ցանկանում հավատալ`չի ցանկանում: Բայց այն հանգամանքը, որ արդեն մի քանի շաբաթ Մամեդյարովին հարցաքննում են, ասում են`ո՞ւր է այդ տարբերակը, ինչո՞ւ ես մեկ տարի պահել եւ չես տվել եւ Մամեդյարովը չի ներկայացնում այդ տարբերակը, դա չի՞ նշանակում, որ Ադրբեջանին հայտնի չէ բանակցային սեղանին իբր դրված այդ տարբերակը, մինչդեռ առաջին հերթին Ադրբեջանը պետք է տեղյակ լիներ»,- ասում է մեր զրուցակիցը:
Նա հավաստիացնում է`բանակցություններ են գնում սկզբունքների, ընկալումների եւ մոտեցումների մասին: Սկզբունքներից մեկն այն է, որ ԼՂ-ն պետք է բանակցությունների լիարժեք մասնակից լինի: Մոտեցումների եւ սկզբունքների մեջ են մտնում մյունխենյան դրույթները: Ընկալումների մասում էլ Մինսկի խմբի քանիցս արված հայտարարություններն են այն մասին, որ հումանիտար քայլեր պետք է իրականացնել, որպեսզի մթնոլորտը բանակցությունների համար լինի համապատասխան:
Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վարած արտաքին քաղաքականությունը եւ փաստել, որ զրո արդյունքներ են գրանցվել մի շարք երկրների եւ միջազգային կառույցների հետ համագործակցությունում: Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով այդ քննադատությանը, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Հաշվի առնելով Արմեն Աշոտյանի բառապաշարը, ես դիվանագիտական եւ իմ քաղաքակիրթ լեզվից մի քիչ կշեղվեմ եւ կփորձեմ իր համար ընդունելի ժարգոնով եւ բառապաշարով պատասխանել. Հայաստանում կան խորհրդարանական ուժեր`իշխանություն եւ ընդդիմություն: Հայաստանում կան արտախորհրդարանական ուժեր, որոնք ձեւավորման ընթացքում են եւ ես հույս ունեմ, որ նրանք մինչեւ մյուս ընտրությունները կձեւավորվեն եւ լիարժեք ձեւով կմասնակցեն ընտրություններին: Եվ Հայաստանում կա մեկ ուժ`մերժված ուժ, դա ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն մերժված է նույնիսկ իր անդամների կողմից, նույնիսկ ՀՀԿ-ականների ընտանիքների անդամների կողմից, որովհետեւ նրանք ստացել են ՀՀԿ անդամների ընտանիքների անդամներից մի քանի անգամ քիչ ձայն եւ չեն մտել խորհրդարան: Ես այդ կուսակցությունը համարում եմ քաղաքական աղբարկղում գտնվող կուսակցություն: Եվ ՀՀԿ-ականները, հատկապես Արմեն Աշոտյանը, իրեն թույլ է տալիս քաղաքական աղբարկղին համապատասխան հայտարարություններ անել: Սա է պատճառը, որ ես չեմ ցանկանում իրեն պատասխանել բովանդակային իմաստով, մանավանդ, որ ինքն անընդհատ փորձում է վիրավորել իմ կոլեգաներին եւ ինձ: Չեմ ցանկանում խորանալ, բայց իմ անձի հետ կապված բացարձակ սուտ է տարածում, որը ես չեմ ցանկանում դարձնել քննարկման առարկա»:
Դիտարկմանը`այն մարդիկ, ովքեր ՀՀԿ ընտանիքի անդամներ էին եւ մերժեցին ՀՀԿ-ին նախորդ ընտրություններում, որոշներն այսօր «Իմ քայլի» ընտանիքի անդամներ են, ոմանք նույնիսկ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում, ու փաստորեն, դավաճաններ էին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ՀՀԿ անդամների մասին ասացի եւ նրանց ընտանիքի անդամների: Ուղղակի հիշեցնեմ մի հայտարարություն. չեմ ցանկանում հիմա ասել կոնկրետ ով, բայց բարձրաստիճան ՀՀԿ-ական մի անգամ ասաց, որ միայն մենք `մեր կուսակցության անդամներով եւ կուսակցության անդամների ընտանիքի անդամներով, Հայաստանում ունենք 900 հազար ձայն: Եվ նրանք ընտրություններում ստանում են 60 հազար ձայնից պակաս: Դա նշանակում է, որ իրենց անդամներն իրենց ձայն չեն տվել, որ նախկինում հավաքած բոլոր ձայները եղել են կեղծիքով, կաշառքով եւ ադմինիստրատիվ ռեսուրսով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ