Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դեմոկրատիայի եւ թեոկրատիայի համակարգերի դիմաբախումը Միջին Արևելքի տարածաշրջանում (մաս 2)

Մայիս 07,2020 17:39

Առաջին մասը կարդացեք այստեղ 

2018 թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն 2018 թ.-ի մայիսի 8-ին հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» անվանեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք Իրանի հետ կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: «Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր», – ասել էր Թրամփը:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հանրության կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների, կորոնավիրուսի համավարակի և երկրի ֆինանսատնտեսական ամենավատ պայմաններում, ԱՄՆ-ը առաջ է քաշել 2020 թ. հոկտեմբերի 18-ից հետո Իրանի դեմ սպառազինության էմբարգոյի երկարաձգման և տնտեսական պատժամիջոցների շարունակման սցենարը և հայտարարել է, որ շարունակում է մնալ ՀԳՀԾ-ի անդամ: Փաստորեն, սա միջազգային իրավական և սպառազինության մրցավազքի մեջ ներգրավելու նոր մարտահրավեր է ուղղված Իրանի իսլամական համակարգի դեմ։

Սակայն, Իրան-ԱՄՆ հակամարտությունը գաղափարական և ռազմավարական ավելի խորն արմատներ ունի, քան ինչպես ենթադրվում է՝ այդ առճակատումը չի սահմանափակվում միայն տնտեսական և պրոքսի պատերազմների դաշտում։

1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և նախորդ դարի 80-ական թվականներին Արևելք-Արևմուտք շարունակվող Սառը պատերազմի մթնոլորտում, Պարսից Ծոցի տարածաշրջանում Իրանի իսլամական համակարգի և ԱՄՆ-ի ծովուժի միջև տեղի ունեցած հաճախակի ռազմածովային բախումները չկարողացավ Սպիտակ Տան ղեկավարների մոտ հստակ պատկերացում ստեղծել հեղափոխական Իրանի իսկական նկրտումների մասին։ 20-րդ դարի վերջին քսանամյակում իսլամական Իրանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի ստրատեգների և Սպիտակ տան ղեկավարության շրջանակում ընդհանրապես տիրում էր քաղաքական երկու ուղղվածություն։ Առաջին ուղղվածության համաձայն՝ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը դիտվում էր, որպես ներքին քաղաքականության շարունակություն և իսլամական հեղափոխությունը տարածելու ձգտում։

Երկրորդ ուղղվածության համաձայն՝ Իրանի արտաքին քաղաքականությունը գնահատվում էր միայն երկրաքաղաքական հայեցակարգի հիման վրա, որի համաձայն ԱՄՆ և նրա դաշնակիցները փորձում էին իրենց ռազմական ներկայությամբ Միջին Արևելքի տարածաշրջանում և Պարսից ծոցում զսպել իսլամական Իրանի երկրաքաղաքական ընդլայնումը տարածաշրջանում։ Վերջին 40 տարիների ընթացքում Վաշինգտոնի քաղաքական ղեկավարության շրջանում տիրական դեր է ունեցել երկրորդ ուղղվածությունը և, ըստ այդմ, ձևավորվել է Իրանին իր սահմաններում զսպելու Սպիտակ տան ռազմավարությունը։ Այս ռազմավարության գործադրման մեխանիզմը ձևավորվել է Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և Իրանի կողմից հովանավորվող զինված խմբերին ճնշելու և հնարավորության դեպքում ոչնչացնելու հիման վրա։

2001 թ․-ի 11 սեպտեմբերյան իրադարձությունները, այնուհետև Իրաքում, Աֆղանստանում և ավելի ուշ Մերձավոր Արևելքում և հյուսիսային արաբական Աֆրիկայի երկրներում բռնկված «Արաբական գարուն» կոչվող հեղափոխությունները և մասնավորաբար Լիբանանում և Սիրիայում տեղի ունեցած քաղաքական, հասարակական և ռազմական զարգացումները, միանգամայն նոր փոփոխությունների առիթ ստեղծեցին Իրանի տարածաշրջանային քաղաքականության որակական և ռազմավարական ձևավորումների համար։ Նման պայմաններում Իրանը փորձեց ավելի ակտիվորեն իր հեղափոխական լուռ նպատակներն իրականացնել տարածաշրջանում և շարունակել «շիական կանչ մահիկի» գոտու ստեղծման առկախ մնացած նախագիծն իրականացնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի աշխարհագրական սահմանները տարածվում էին Աֆղանստանից մինչև Լիբանան։ Իրանցի հոգևոր ղեկավարների տեսակետից դա իսլամական մեծ ումայի հոգևոր սահմաններն են, որտեղ պետք է ստեղծել իսլամական մեծ խալիֆայություն, իսկ այդ գաղափարի իրականացմանը խոչընդոտում է ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Այսպես, Իրանը փորձում է նախ թուլացնել ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում, իսկ այնուհետև Արևմտյան ուժերին դուրս մղել իսլամական-արաբական Մերձավոր Արևելքի տարածաշրջանից և ստեղծել շիա իսլամի դավանանքի վրա հիմնված իսլամական մեծ խալիֆայություն։ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ օտարերկրյա մասնավորաբար ԱՄՆ-ի զորքերը պետք է դուրս գան Արևելյան Ասիայի, այսպես հասկացեք՝ «շիական կանչ մահիկի» գոտու տարածաշրջանից։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարիներից ի վեր, Իրանի իսլամական համակարգի իշխանության վերնախավում եղել է երկու քաղաքական գաղափարական ուղղվածություն, որի ներկայացուցիչները մերթ ընդ մերթ կարողացել են Իրանի պետական մակարդակում և ղեկավարության օղակներում առաջ տանել իրենց գաղափարական իդեալական և իրատեսական երկիմաստ քաղաքականությունը, սակայն երկու հոսանքների շրջանակում միշտ առանցքային տեղն է գրավել իսլամական հեղափոխության ընդլայնումը՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և ծայրահեղ դեպքում ամբողջ աշխարհում։ Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր և իսլամական համակարգի հիմքերն ամրապնդելուց հետո, Իրանի հոգևոր իշխանության շրջանակում վերջնականապես ամրագրվեց Իրանն իսլամի համար գաղափարախոսությանը, ինչին դեմ էին ավելի չափավոր և լիբերալ հեղափոխականների առաջին սերունդը, որոնք հակված էին իսլամն Իրանի համար գաղափարին։ Իշխանության հասնելու համար ներքին պայքարում վերջին տեսակետին հարող քաղաքական գործիչների հեղափոխության դաշտից լիովին հեռացումն, հանգեց արմատական-ծայրահեղական հոգևորական թևի վերջնական հաղթանակին և իսլամական համակարգի հիմքերի ամրագրմանը։ Սա նշանակում է, որ Իրանն իր իսլամական հեղափոխությունը տարածելու և Իրանի ինքնիշխանությունը պահպանելու երկու նպատակների իրականացման համար պետք է ժխտի ցանկացած գերտերության ներկայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս իդեալական գաղափարի հիմքում է ընկած կատարյալ հավատարմությունը իսլամական հեղափոխության նպատակների ճշմարտացիությանը, պայքարել իսլամական Իրանի հոգևոր ինքնիշխանությունը պահպանելու համար և ժխտել ցանկացած ուժի գերիշխանությունը տարածաշրջանում։ Հենց այս երեք առանցքների շուրջ է ձևավորվել Իրանի իսլամական համակարգի վերջին 40 տարվա ռազմավարությունը, որի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Միացյալ նահանգները և նրա արևմտյան և արաբական դաշնակիցները։

Իրանի իսլամական համակարգի հոգևոր իշխանության և համակարգի անվտանգության պահպանման և գոյատևման բազուկն է հանդիսանում Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը, որը դարձել է ռազմական, տնտեսական և անվտանգության ահռելի ուժ Իրանի ներսում և դրսում։ Իրանի իսլամական համակարգի հոգևոր իշխանության վերնախավում ամենայն խոհեմությամբ ու քաղաքական հեռատեսությամբ նույնպես ուժը բաժանվել է արմատական և չափավոր հոգևորականների միջև։ Այս երկու թևի ներկայացուցիչները հիմնականում հետևում են իսլամական համակարգի ամրապնդման և հեղափոխության տարածման քաղաքականությանը։ Արմատական և չափավոր թևի գործելաեղանակը մի փոքր տարբերվում է միմյանցից, սակայն նպատակը նույնն է, փաստորեն չափավոր թևը փորձում է արևմտյան և արևելյան գերուժերի միջև բալանսավորել իսլամական համակարգի մետաղադրամի երկու երեսները։ Իսլամական համակարգի չափավոր իշխանությունը ի դեմս նախագահական ինստիտուտի և ԱԳՆ փորձում է երկրից դուրս իսլամական Իրանը ներկայացնել, որպես հավասարակշիռ և աշխարհի հետ համերաշխ գործակցություն վարող երկիր, որը հարգում է միջազգային բոլոր օրենքներն ու համաձայնագրերը ու ՄԱԿ-ի կոնվենցիաները։

Ժանուսի մյուս երեսում կանգնած են արմատական հոգևորականները և իսլամական գաղափարներին խիստ հավատարիմ ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարները, որոնց հանձնարարված է Իրանի ռազմական և սպառազինական, հրթիռային և միջուկային ծրագրերի լիարժեք զարգացման ծրագրերը։ Հատկանշական է, որ վերջին տարիներին հոգևորականների ծայրահեղական թևի ուժեղացումով, երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հաճախակի կարծիք են հայտնում ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարները, քան այլ քաղաքական պաշտոնատարներ և սա ցույց է տալիս բրիգադային գեներալների խորը և ճակատագրական ազդեցությունը Իսլամական համակարգի ներքին ու արտաքին քաղաքականության և ռազմավարության ձևավորման գործընթացների և որոշումների վրա։

Իսլամական Իրանի համակարգի շիա հոգևորականների աշխարհայացքի համաձայն, իսլամական ցանկացած երկրի իշխանությունները պարտադիր զավթել են երկրային իշխանությունը և նրանք չունեն իսլամական ումմայի լեգիտիմությունն իշխելու համար։ Աշխարհիկ իշխանությունները հոգևորականների կողմից հանդուրժվում են ժամանակավորապես մինչև նրանց տապալումը, որը կհանգի բացակա իմամի գալուստին և իսլամական արդարության հաստատմանը ամբողջ աշխարհում։ Իրանի շահական ռեժիմի տապալումը առաջին քայլն էր, իսլամական աշխարհում մյուս բռնապետական իշխանություններին տապալելու համար և իսլամական Իրանը հանդիսանում է շիական խալիֆայության ստեղծման պաշտպանության դիրքը։ Երկրի և երկնքի միակ իշխանությունը պատկանում է շիաների այս աշխարհից ժամանակավորապես բացակայող 12-րդ իմամ Մահդիին և մինչև նրա գալուստը երկրային իշխանությունը հանձնարարված է հոգևոր իմաստուն, գիտուն, անմեղ, սրբակրոն մուսուլման և ումմայի կողմից ընդունված և մուսուլման հոգևորականների կողմից հաստատված գերագույն հոգևոր առաջնորդին։ Ահա, այսպիսի կրոնական պատկերացումների և անշեղ իսլամական կանոնների վրա է հիմնված Իրանի իսլամական համակարգը, որը ձգտում է նախ իսլամական մեծ խալիֆայություն ստեղծել այս աշխարհում, իսկ այնուհետև ճանապարհ հարթել շիա մուսուլմանների 12-րդ իմամի գալուստի համար։

Այս բոլորի համատեքստում, ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է ռազմավարական-քաղաքական և ոչ գաղափարական հայեցակարգի վրա։ Իրանին դիմակայելու հարցում Վաշինգտոնի և արևմուտքի քաղաքական հիմնական մեխանիզմը ձևավորվել է Իրանի դեմ տնտեսական և սպառազինական խիստ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականության վրա։ Սակայն, վերջին 40 տարիների փորձը ցույց է տվել, որ պատժամիջոցների և վերջերս մշակված ձգանի մեխանիզմը չեն կարողացել Իրանին ստիպել շեղվել իր նպատակներից։

2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ց ԱՄՆ-ի դուրս գալուց և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու հետո, իր նպատակներին հասնելու համար, ԱՄՆ-ն օրակարգում ներառեց Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը: Սակայն Իրանը ռազմավարական համբերություն ցուցաբերելով, հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին և փորձում է ժամանակ շահելով չեզոքացնել Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը:

Իսկ հիմա, երբ ապարդյուն է անցել ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը, այս երկիրը ջանք է գործադրում, որպեսզի իրեն ՀԳՀԾ-ի անդամ ներկայացնի ու օգտագործելով ԱԽ-ի 2231 բանաձևը, գործադրի իր նոր ձգանի մեխանիզմի սցենարը:

Ապրիլի 9-ին շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա առիթով ունեցած հեռուստատեսային ելույթում, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ գիտությունն ու բանականությունը, մինչ այժմ չեն կարողացել լուծել անարդարության հանգույցը և դրա համար պահանջվում է աստվածային զորություն, հավելել է, որ իմամ Մահդիի առաքելությունն է երկիրը լցնել արդարությամբ ու հավասարությամբ:

Նշելով, որ ներկա ճգնաժամի ընթացքում արևմտյան քաղաքակրթությունը ցույց տվեց իր բուն էությունը Իրանի առաջնորդը հստակեցրել է.«Այս դեպքերը ցույց տվեցին արևմտյան մշակույթի ու քաղաքակրթության իրական դեմքը: Սա արևմտյան քաղաքակրթության փիլիսոփայության արդյունք է, որը հիմնված է անհատականության, նյութապաշտության և հաճախ աթեիզմի վրա»:

Այաթոլլահ Խամենեիի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությունը ռազմավարական շահերի անհամատեղելիությունից բացի ունի նաև խորը գաղափարական և աշխարհայացքային սուր ծայրեր, որը թերևս անհնար է լուծել միայն դիվանագիտական բանակցությունների ճանապարհով։

 

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031