«Շատ կարևոր է խախտված իրավունքների վերականգնումը կամ պաշտպանությունը, բայց առավել կարևոր է, որ համակարգային հիմնախնդիրները վեր հանենք և կանխարգելենք մարդու իրավունքների հետագա խախտումները»,- հինգշաբթի՝ մայիսի 7-ին առցանց ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ ինքը և իր աշխատակազմը պատրաստ են համագործակցել բոլոր պետական մարմինների հետ, նրանց օգնել՝ իրենց վերաբերող համակարգային բարեփոխումները արդյունավետ իրականացնեն՝ կանխարգելելով մարդու իրավունքների հետագա խախտումները կամ սահմանափակումները։
Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ բավականին շատ խնդիրներ պայմանավորված են քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակով. «Շատ ցանկալի է, որ պետական մարմինները հստակ ռազմավարությամբ աշխատեն։ Եվ առաջին հերթին կառավարությունն աշխատի մարդու իրավունքների կրթության և իրազեկման ֆորմալ և ոչ ֆորմալ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ Ես էլ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այս առումով էլ աջակցել գործընթացին»։
Նա կարևորեց նաև հանրային ծառայողների և պետական մարմինների կարողությունների բարձրացումը. «Շատ խնդիրներ պայմանավորված են լինում կարողությունների ոչ պատշաճ մակարդակով։ Օրենսդրությունը երբեմն ավելի մեծ հնարավորություն է տալիս, քան պրակտիկայում է դա ստացվում։ Եվ այդ խզումը պայմանավորված է լինում հենց կարողությունների խնդիրներով։ Կարծում եմ, որ այս առումով պետական մարմինները պետք է առանձին ուշադրություն դարձնեն իրենց աշխատակիցների կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով առաջին հերթին Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տրված չափորոշիչները և նաև միջազգային տարբեր չափորոշիչներ՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։
Կարդացեք նաև
ՄԻՊ-ը առանձնացրեց նաև քաղաքացիական հասարակության զարգացումը. «Թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում խնդիրները ավելի շատ են լինում, և քաղաքացիական հասարակությունը այն կարևոր օղակներից մեկն է, որը կարող է պետությանը աջակցել՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ։ Այս տեսանկյունից էլ ես կոնկրետ առաջարկություններ ունեմ պետությանը, որ պետք է առաջին հերթին քաղաքացիական հասարակության ֆինանսավորման և աջակցման մեխանիզմները բարելավել։ Պետք է թափանցիկ և մրցութային կարգով ֆինանսավորում կատարվի հասարակական կազմակերպություններին՝ ըստ ծրագրերի։ Այսինքն՝ ծրագրային հիմքով մրցույթը կատարվի։ Եվ կարծում եմ՝ ֆինանսավորումը պետք է զգալի չափով ավելանա։ Նաև պետությունը պետք է աջակցի քաղաքացիական հասարակության մեջ ընդգրկված անձանց կարողությունների զարգացման ուղղությանը, քանի որ շատ կարևոր է փորձագիտական համայնքն էլ կայանա։ Ինչի արդյունքում պետական մարմիններին կարող է մեծ աջակցություն ցուցաբերվել»։
Ըստ նրա, առանձին ուղղություն է փաստաբանական համայնքի կարողությունների զարգացումը և նաև ինստիտուցիոնալ մեխանիզմներով նպաստումը փաստաբանական համայնքի զարգացմանը. «Բոլորս հասկանում ենք, որ շատ կարևոր ուղղություն է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, որի գլխավոր օղակը հենց փաստաբանական համայնքն է լինում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ