Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով վարակված երեխաների բարդացած դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը

Մայիս 07,2020 17:17

Աշխատանքը կազմակերպելու համար համալիրը բաժանվել է երեք մասի. Առաջինը COVID-վարակված պացիենտներին սպասարկող մասն է,  որտեղ 1 ամիս անընդմեջ աշխատել են բուժաշխատողները` երկու հերթափոխով, իզոլացված պայմաններում:

Երկրորդ մասը COVID-կասկածելի եւ կոնտակտավոր պացիենտների ժամանակավոր մեկուսացման բաժանմունքն է, որտեղ իրականացվում է COVID-թեստավորում:

Այս բաժնում նույնպես բուժաշխատողների մի մասը գտնվում էր մեկուսացված պայմաններում։

Երրորդ մասում բժշկական օգնություն են ստանում այն պացիենտները, որոնց  COVID-թեստը տվել է բացասական պատասխան կամ նրանք ի սկզբանե չեն համարվել COVID-կասկածելի:

Մտավախությունը, թե COVID-կասկածելի, կոնտակտավոր եւ հաստատված պացիենտների հետ աշխատողները վաղ թե ուշ վարակվում են կորոնավիրուսով, փարատվել է` շնորհիվ «Արաբկիր» ԲՀի  թիմի անթերի աշխատանքի: COVID-19-ը սպասարկող մեր բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման եւ ստացել բացասական պատասխան:

«Իզոլացված թոքաբանական/COVID/» եւ  «Ժամանակավոր մեկուսացման» բաժանմունքներում  աշխատանքը կազմակերպվել է հատուկ պաշտպանիչ համազգեստով եւ անհատական պաշտպանության մյուս միջոցներով: Նախքան այս բաժիններ աշխատանքի մտնելը բուժաշխատողները հատուկ դասընթաց են անցել. բժշկական համալիրի համաճարակաբանը նրանց սովորեցրել է աշխատանքի անվտանգության եւ կանխարգելիչ վարքագծի կանոնները:

COVID-19-ի նկատմամբ այս լոկալ հաղթանակը թույլ է տվել «Արաբկիր» ԲՀին վերանայել աշխատանքի կազմակերպումը: Հատուկ բաժանմունքներում  հերթապահությամբ  աշխատող բուժքույրերն ու  սանիտարներն այսուհետ կկարողանան դուրս գալ բաժանմունքից եւ գիշերել տանը, իսկ բժիշկները COVID-պացիենտների առավոտյան համայցից հետո կշարունակեն իրենց աշխատանքը բժշկական համալիրում՝ սովորական ռեժիմով:

Արտակարգ իրավիճակում բժշկական օգնության կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում, բայց ոչինչ չի կարող լինել ավելի թանկ, քան պացիենտների եւ բուժանձնակազմի առողջությունը:

COVID-ը կարելի է հաղթել միայն պրոֆեսիոնալիզմով և կարգապահությամբ:

«Արաբկիր» բժշկական համալիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031