Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արևային կայան ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա. 9 մլն դոլարի ներդրում սփյուռքից

Մայիս 07,2020 17:30

Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք:

Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ  Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով:

Այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել:

Սարավան համայնքում՝  ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա,  36 հեկտար ընդգրկող հողակտորում 9 մլն դոլարի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենաուշը մեկ տարի անց:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Համաներ դրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, և բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաև այլ ոլորտներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով իր վստահությունը հայտնեց, որ արևային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը: Ըստ կիպրահայ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին:

Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարևորեց Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031