Վթարի ենթարկված շտապօգնության մեքենաները հնարավորինս շուտ դուրս են գալիս, աշխատանքի, իսկ նրանք, որոնք մի փոքր ուշ են դուրս գալիս, փոխարինող ունեն, պահուստային մեքենաներն են գործի դրվում: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Մարտից մինչեւ մայիսի 6-ը, շտապօգնության բրիգադները, ինչպես ասաց Ստեփանյանը, կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխել 2333 հիվանդի. «Նրանք այն հիվանդներն են, որոնք ունեն սուր-շնչառական հիվանդություններին բնորոշ խնդիրներ եւ թոքաբորբի կասկած»:
Ստեփանյանն ասաց, որ շտապօգնության բժշկական անձնակազմն ապահովված է անվտանգության համար նախատեսված արտահագուստով, դիմակներով եւ այլ պարագաներով:
Արդյոք եղել են դեպքեր, երբ շտապօգնության բժիշկները հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակվածների հետ, հարցին ի պատասխան Ստեփանյանն ասաց՝ եղել են, եւ ըմբռնումով են մոտեցել. «Մանավանդ եղել բուժաշխատողներ, որոնք 50-60 եւ ավելի տարիքի են եղել: Յուրաքանչյուր բժշկի, բուժքույրի կամ վարորդի, որոնք չեն ցանկացել աշխատել նման իրավիճակում, ընդառաջել ենք: Եղել են դեպքեր, երբ արձակուրդ են վերցրել: Ունենք մեծ բանակ բուժաշխատողների, որոնք բացարձակ վախեցած չեն իրավիճակից եւ շատ պատրաստակամ են եղել աշխատել, եւ ամեն օր դիմում են աշխատելու համար»:
Կարդացեք նաև
Ստեփանյանի ներկայացմամբ՝ շտապօգնության կանչերի մեջ առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններով կանչերն են, 2-րդ տեղում՝ սուր-շնչառականը, ապա վնասվածքներով կանչերը, այս տարի ձմռան ամիսներին սուր-շնչառական կանչերի ավելացում է եղել, այն պայմանավորված է այլ գրիպների ավելացումով. «Անցած տարի սուր-շնչառական կանչերի թիվը կազմել է 800-850, կանչերն ավելացել են, բայց այն, ինչ հիմա ունենք, երեւի 2-3 տարի չենք ունեցել, 650-ից բարձրացան 700-750-ի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ