Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հինգշաբթի ուղիղ միացման ընթացքում ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
Արցախի ՄԻՊ գրասենյակը 2018 թվականին 159 անձանց կողմից ստացել է 138 դիմում, իսկ 2019-ին դիմումների թիվը հասել է 234-ի՝ 378 անձանց կողմից. «Առաջնայինը՝ սոցիալական ապահովության իրավունքն է՝ 22%, սեփականության իրավունքը՝ 17%, աշխատանքային իրավունքները՝ 11% և արդար դատաքննության, անձնական ազատության իրավունքները՝ 11%, պատշաճ վարչարարությունը՝ 9% և այդպես շարունակ։ Առանձին խոցելի խմբերի մասով ենք վիճակագրություն պահել։ Դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվել է խոցելի խմբերի կողմից՝ 99 դիմում, որտեղ 9 տոկոսը բաժին է ընկնում զինծառայողներին, 7-ական տոկոսը ազատությունից զրկված և հաշմանդամություն ունեցող անձանց, և 4-ական տոկոս՝ երեխաներին, փախստականներին»։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ընդհանուր թվի համեմատ 29-30 տոկոս դրական արդյունք է գրանցվել՝ 68 դիմում. «Սակայն ավելի ճիշտ է հաշվել այն դիմումների համեմատ, որոնք վերաբերել են պաշտպանի լիազորություններին կամ գործառույթներին։ Ընդհանուր դիմումների ընդամենը 31 տոկոսն է պաշտպանի լիազորություններին վերաբերել, որ պաշտպանի միջամտության հնարավորություն կա՝ օրենսդրությամբ։ Իսկ սրա համեմատ, այսինքն՝ ընդհանուր դիմումների 31 տոկոսի համեմատ 93 տոկոսի դեպքում պաշտպանի միջամտությունը դրական արդյունք է ունեցել։ Մի քանիսի դեպքում դեռևս ընթացքում է. Պետական մարմինների հետ աշխատում ենք կամ քննարկման փուլում է»։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/533196400703170/
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ