Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Մայիս 07,2020 16:26

Մայիսի 7-ի կայացած դատական նիստին դատարանը մերժեց հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանի՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

Կարեն Բատիկյան

Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանը տեղեկացրեց, որ դատական նիստին մասնակցում էր նաև իր պաշտպանյալ Ստեփան Մարտիրոսյանը: Հայտնեց, որ նրա՝ զարկերակային բարձր ճնշման և քրոնիկ հիվանդությունների մասին տեղեկանք են ներկայացրել դատարան:

Հիշեցնենք՝ այն փաստը, որ «Իմ քայլի» պատգամավորները Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար ներկայացրել էին երաշխավորագրերը, բավականին մեծ աղմուկ բարձրացրեց:

Ստեփան Մարտիրոսյանը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է եւ մեղադրվում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու գործով: «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանը պնդում է՝ կան անհերքելի ապացույցներ Ստեփան Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև գործարար Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ այն իրականացնելու համար կատարող փնտրելու վերաբերյալ: Նա նաև բազմիցս հայտարարել է, որ Ստեփան Մարտիրոսյանը ԽՍՀՄ տարիներին դատապարտվել է մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում են անառակաբարո գործողություններ կատարելուն անչափահասների նկատմամբ, շորթմանը և այլ հանցագործություններին:

Կարեն Բատիկյանին հիշեցրինք այս հայտարարություններն ու պնդումները: Նա արձագանքեց. «Ստեփան Մարտիրոսյանի հետ կապված ՝ մամուլում հրապարակված բոլոր տեղեկությունները՝ թմրամոլության հետ կապված, մանկապղծության և մնացածին չեմ անդրադառնում, սպանության նախապատրաստության, սպանության իրականացման և այլնի վերաբերյալ, դրա մասին որևէ մեկը չի ներկայացրել որևէ պաշտոնական փաստաթուղթ: Քրեական գործում նման փաստաթուղթ գոյություն չունի»:

Անդրադառնալով Վարդգես Գևորգյանի հայտարարություններին՝ փաստաբանն ասաց. «Վարդգես Գևորգյանն ընդամենը հրապարակել է ԱՄՆ-ում 2005 թվականին հրապարակված մի հոդված, իսկ հոդվածը դատավճիռ չէ: Անձը մեղավոր է ճանաչվում միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մնացածը ենթադրությունների մակարդակի տեղեկություններ են: Եթե Վարդգես Գևորգյանն այս ամենի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ունի, թող հրապարակի, ես էլ մեծ սիրով կծանոթանամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031