ԱԺ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախարարության թեժ գծին զանգող քաղաքացիները խնդրի առաջ են՝ օրերով զանգում են, բայց ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում կապ հաստատել:
Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նախարարության թեժ գծի զանգերին պատասխանում են մոտ 200 աշխատակիցներ, որոնք նաեւ օգնում են քաղաքացիներին՝ հեռախոսով լրացնել աջակցության ծրագրերի դիմումները. «Համաձայն չեմ, որ թեժ գիծն ակտիվ չի աշխատում: Այդպես կարծողներին հրավիրում եմ տեսնելու, թե մասնագետներն ինչպես են աշխատում մի քանի օպերատիվ խմբերով: Զանգերին, այդ թվում ես եմ պատասխանում եւ իմ ընդունարանի աշխատողները: Դիմումների մի մեծ մասը մերժվում կամ պատասխան չի ստանում այն պատճառով, որ քաղաքացին սխալ կամ թերի է լրացնում: Տպավորություն չստեղծվի, թե քաղաքացիներին ենք մեղադրում: Մարդիկ աշխատում են գիշեր-ցերեկ, այդպես ասելն անարդար է: Ամեն ինչ անում ենք, որ քաղաքացիների ֆեյսբուքյան հարցումներն ու զանգերը ստանան պատասխան»:
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց՝ եթե 200 մարդ պատասխանում է զանգերին, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նախարարությունից, բանկերից եւ մարզպետարաններից քաղաքացիներին տրամադրում են «Լուսավոր Հայաստանի» գրասենյակի հեռախոսահամարը (ԼՀԿ-ն եւս խորհրդատվություն է տալիս քաղաքացիներին.-խմբ.): Զարուհի Բաթոյանն արձագանքեց. «Կներեք, վստահ չեմ, որ դա կա, բայց եթե տալիս են ձեր համարը, ուրեմն վստահության մթնոլորտ կա, ինչի համար ուրախ եմ»:
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նաեւ հայտնեց՝ որոշ քաղաքացիներ դիմել են 9-րդ ծրագրի համար, դիմումը հաստատվել է, բայց տասնհինգ օր է՝ գումարները չեն փոխանցվել, գուցե տեխնիկական-ծրագրային խնդի՞ր կա: Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ ծրագրի շահառուների թիվը մեծ է, արդեն 154 000 երեխայի համար վճարում արվել է. «Սակայն բանկերում կուտակումներ էին լինում, ինչը հակասում էր կորոնավիրուսի ճգնաժամի կանխարգելմանը, ուստի ստիպված էինք քաղաքացիներին մեկ օր ուշ ուղարկել գումարը ստանալու մասին հաղորդագրությունները: Ուշացումները դրա պատճառ կարող են լինել: Տեխնիկական խնդիրները կարող են շարունակվել, որովհետեւ տվյալների բազաները նոր են ստեղծվել եւ ստեղծվում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ