Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, դուխդ չի ներո՞ւմ փուլային տարբերակին ասել ոչ, Լավրովին ասել ոչ». Էդուարդ Շարմազանովը` Նիկոլ Փաշինյանին

Մայիս 07,2020 15:25

«ՀՀ վարչապետն ԱԺ-ում հայտարարում է` Ալիեւը կառուցողական է տրամադրված: Լո՞ւրջ ես ասում, պարոն վարչապետ: Էն Ալիե՞ւը, որը Մյունխենում նայելով քո աչքերին`ասաց` Արցախը անկախ չի լինելու, ասաց`լուծումը փուլային է լինելու, որը Երեւանն ու Զանգեզուրը համարում է Ադրբեջանի տարածք, որի վարչակարգը տասն օր շարունակ քեզ եւ քո վարչակարգին մեղադրում է բանակցությունները սաբոտաժ անելու մեջ»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի`Արցախի հարցի վերաբերյալ արած հայտարարություններին:

Ամենավտանգավորը Էդուարդ Շարմազանովը համարում է այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Թող ոչ մեկ մեզ չասի` այդ ի՞նչ ենք բանակցում: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»: Նա զգուշացնում է. «Քո նման միլիոնն էլ լինի`դու չես կարող բանակցել այն, ինչը կարող է վտանգել Արցախի շահերը»:

Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է իր բոլոր այն հայտարարությունները`երկու տարի շարունակ արված, որ Արցախի հարցում բանակցություններ ինքը չի վարում եւ բանակցություններ չկան, ուղղակի հանդիպում են, ճշտումներ են անում: Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ նշեց, որ բանակցություններ կան եւ ինքը բանակցում է. «Փաշինյանը ուղղակի խաբում է Ձեզ, ժողովուրդ»:

Ինչ վերաբերվում է փուլային տարբերակ լինել-չլինելուն, Լավրովի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանը ընդհանուր, խուսափողական պատասխան տվեց. «Պատգամավորը նաեւ հուշեց`գոնե ասեք`«ոչ», բայց Փաշինյանը չասաց ոչ Լավրովի գաղտնազերծմանը, չասաց ոչ փուլային տարբերակին: Բա, պարոն վարչապետ, դուխդ չի ներո՞ւմ փուլային տարբերակին ասել ոչ, Լավրովին ասել ոչ, հակաարցախյան եւ հակահայկական տարբերակին ասել ոչ: Թե՞ դուխդ միայն հերիքում է ասֆալտին փռել, «սամասուդ» անել, իսկ պետական շահը պաշտպանելու ժամանակ դուխդ անցնում է հետին պլա՞ն»:

Էդուարդ Շարմազանովը «քաղաքական անմեղսունակություն» է որակում Փաշինյանի այն բացատրությունը, որ աշխարհում կարող են լինել Արցախի հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ, բայց դրանք էական չեն: «Աշխարհում տիրող այլ կարծիքը, որը Փաշինյանը համարում է ոչ կարեւոր, դա կարող է լինել Մինսկի խմբի համանախագահների կարծիքը: Այն մասնագիտական կառույցի, որը մանդատ ունի Արցախի ճակատագիրը որոշել`բանակցությունների միջոցով: Ու Հայաստանի գլխավոր բանակցողն ասում է` սա կարեւոր չի՞»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ հակադարձելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովուրդն իրեն մանդատ է տվել բանակցելու, հիշեցնում է հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախի ժողովուրդն իրեն բանակցելու մանդատ չի տվել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք ծնունդով Արցախից են, գոյամարտի մասնակից, մանդատ ունեին, ինքը`չունի:

Էդուարդ Շարմազանովը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը հոդաբաշխ չի ներկայացրել Արցախի հարցի լուծման սեփական տարբերակը: «Ժողովուրդը ձեզ չի լիազորել հայտարարել, որ Ալիեւը կիրթ է, որ Դուշանբեի վերելակում հետը պայմանավորվի, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որը կբավարարի նաեւ Ադրբեջանի ժողովրդին»,- ասաց նա:

Թե Հայաստանի, թե Արցախի հասարակություններին, ըստ բանախոսի, ևս մեկ մարտահրավեր է սպառնում` կորոնավիրուսը, որը չի նահանջում նաեւ Նիկոլ Փաշինյանի «ապաշնորհ կառավարման» արդյունքում: Նա հիշեցնում է`«պինցետով եւ տնական օղիով վարակը հանելու», «կորոնավիրուսն ում շունն է» «ջրիկ գնահատականները»: Ապա նկատում է, որ կարանտինի ոչ պատշաճ պահպանմամբ Հայաստանը հայտնվել է աշխարհի վատագույն 15 երկրների շարքում եւ ցայսօր 150 անգամ վարակակիրների թիվն ավելացել է մեր երկրում եւ այս պայմաններում կառավարությունը հանում է սահմանափակումները`մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին. «Ինքը ձեռքերը լվանում է Հայաստանի հասարակությունից: Սա ցույց է տալիս, որ ունենք անպատասխանատու վարչապետ, անպատասխանատու կառավարում: Փաշինյանը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պատերազմում»:

2019-ի քաղաքական տարում Էդուարդ Շարմազանովը թերացումներն ու ձախողումներն ակնհայտ է համարում, եւ, գտնում է, որ Փաշինյանն ու իր կառավարությունն այլեւս անկարող են ղեկավարել ՀՀ-ն, դիմակայել առկա մարտահրավերների եւ սպառնալիքներին: Ասում է`խոստացված ներդրումները փուչիկ էին, լուրջ ներդրումային ծրագրեր չկան, ոչ էլ սպասելիքներ չկան, խոստացված արդյունաբերական բումը հեքիաթ է. «Կախարդական փայտիկը այլեւս կորել է: Դրա մասին նույնիսկ անգամ ինքը`Փաշինյանը չի խոսում»:

Ըստ Էդուարդ Շարմազանովի`«դըմփ-դըմփ-հու»-ի հեղափոխության ժամանակ այդքան չարչրկված ժողովրդավարությունը եւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը երեկ անդառնալի հարված ստացան` Freedom House կազմակերպությունից. «Դա այն կազմակերպությունն է, որի մասին ակնածանքով միշտ խոսել են Փաշինյանի թիմակիցները, մեջբերումներ են արել: Վերջնիս գնահատականով, Հայաստանը կիսակոնսոլիդացված, ավտորիտար երկիր է»: Դատարանների մուտք ու ելքերի սահմանափակումներից, Փաշինյանի մասնակցությանը դրան, ԱԺ-ի, ՍԴ-ի վրա հարձակումներից, Վենետիկի հանձնաժողովի գնահատականների մերժումից, քաղաքական ընդդիմախոսների վրա «գործեր կարելուց» հետո Էդուարդ Շարմազանովի համար այս գնահատականները սպասելի էին:

Այլ մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/333386077462494/videos/605710856959122/?v=605710856959122

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031