Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը մանրամասներ է պատմում Փաշինյանի հետ խմած սուրճից. «Այն, որ սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին փաստաթուղթ կա, մանրամասն խոսել ենք»

Մայիս 07,2020 14:48

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ հրավիրել է արտգործնախարարին, միասին սուրճ են խմել եւ զրուցել: Թեման եղել է բոլոր մտահոգություններն ու շահարկումները՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ սուրճ խմելու է հրավիրել Նիկոլ Փաշինյանին՝ նորից նույն թեմայով զրուցելու:

Հարցին՝ պատասխանով բավարարվա՞ծ եք՝ Մարուքյանը պատասխանեց. «Այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, դրանցից դուրս բան չկա: Արցախի հարցն այն հարցն է, որ տարաձայնության հարց չկա այս մասով»:

Մարուքյանն ասաց, որ իր համար Արցախի հիմնախնդրով եղած շահարկումները, որոնք կան, հիմա առավել եւս փարատվել են. «Այն, որ սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին փաստաթուղթ կա, մանրամասն խոսել ենք»:

Լրագրողները ճշտեցին, թե սուրճի սեղանի շուրջ ի՞նչ է ասել վարչապետը մոտ 40 րոպե, համոզե՞լ է, որ փուլային տարբերակ չկա՝ Մարուքյանն ի պատասխան ասաց, որ հրապարակային ինչ ասելու էին, ասել են արդեն. «Ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ Հայաստանում անդադար շահարկվում է: Ամեն օր ասում են՝ Արցախը հանձնում են: Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, ես իմ երեւակայության մեջ անգամ նման իշխանություն չեմ պատկերացնում»:

Նա ասաց, որ եթե ինչ-որ որոշում կլինի, կգան խորհրդարան ու հրապարակային կսկսեն քննարկել, բայց դրան մենք դեռ շատ-շատ երկար սպասելու ենք, որովհետեւ այդպիսի որոշման հանգել, որ բոլորին բավարարի, դեռ ուշ կլինի:

Հարցին՝ 40 րոպե միայն դա՞ էիք խոսում, այդ հարցի շո՞ւրջ էիք խոսում, Մարուքյանը պատասխանեց. «Չէ, մեկ էլ ասում էինք՝ երեխեքը ո՞նց են: Մենք ժամանակին երեխեքի հետ էլ էինք շփվում, բան, ընտանիքներ»:

Մարուքյանը վստահեցրեց, որ ոչ մի ներքաղաքական խնդիր չեն քննարկել, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի հետ իր բանավեճի հարցը:

Վերջում ճշտեցին՝ իսկ սուրճն ինչպե՞ս խմեցիք, Մարուքյանը մանրամասնեց. «Սեւ, դառը»: Հետո հավելեց. «Ես ջուր էլ եմ խմել, այ ձեր տունը շինվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031