«Արցախի հիմնախնդրի վերաբերյալ վարչապետը բավականին փակագծեր բացեց, որոշակի մտահոգություններ ցրվեցին». «Առավոտի» զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը
– Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի «Եվրանեսթի» խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկվել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի նախագահ Թուրալ Գյանջալիեւը: Ավելի վաղ հրապարակվել էր նաեւ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմը: Թուրալ Գյանջալիեւը նաեւ այդ եվրոպական հարթակում կլինի: Ի՞նչ նպատակ է հետապնդում հասարակական կազմակերպության ղեկավարին կարգավիճակի նման ամրագրումը` արցախյան խնդրի շուրջ ընթացող զարգացումների ներկայիս ֆոնին, երբ խոսվում է ազատագրված տարածքներում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ ապրելու սցենարի մասին:
– Այն, որ Ադրբեջանը կրկին խաղի մեջ ակտիվորեն ներգրավել է այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին», դա տեսանելի է արդեն տեւական ժամանակ։ Թուրալ Գյանջալիեւը ազերի ամենադեմագոգ գործիչներից է եւ քանի որ, ինչպես արդեն նշեցի, Ալիեւը սկսել է ակտիվորեն գործարկել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» լոզունգը, Թուրալի ներկայությունը ԵԽԽՎ-ում հենց այդ սցենարի կոնտեքստում է։
Ինչ վերաբերում է արցախյան խնդրի շուրջ ընթացող զարգացումներին, քանի դեռ վարչապետը պնդում է, որ բանակցություններ չկան, կա, փաստորեն, ընդամենը մտքերի պինգպոնգ, ես չեմ ցանկանում կոֆեի բաժակ նայել ու չեմ էլ կարող։
Կարդացեք նաև
– Ուշագրավ է, որ հայկական կողմը համառորեն անտեսում է այս իրողությունը, համենայնդեպս, ոչ ԱԳՆ-ից, ոչ խորհրդարանական մակարդակով արձագանք-անդրադարձեր չեղան Թուրալ Գյանջալիեւին եվրոպական հարթակներ դուրս բերելու հարցին: Դեռ 1992-94 թվականներից Ադրբեջանը փորձում էր այդ համայնքը գործոն դարձնել եւ չէր հաջողում, ինչո՞ւ հիմա` Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխություն-իշխանափոխությունից հետո, հանկարծ հաջողեց:
– Այո, պաշտոնական Բաքուն մշտապես փորձել է ակտիվացնել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» գործիքը, մշտապես փորձել է տեղեկատվական դաշտում եւ քարոզչական պատերազում առաջնագիծ մղել այդ համայնքին։ Բայց ես չեմ հիշում նախկինում դեպք, երբ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը պաշտոնական հանդիպում ունենար այդ, այսպես կոչված, համայնքի ղեկավարի հետ, ինչպես եղավ այս տարվա փետրվարի 13-ին, երբ Կասպրչիկը հանդիպեց Թուրալի հետ եւ ըստ պաշտոնական լրահոսի, կողմերը քննարկեցին արցախյան հակամարտության խնդիրը։ Կարծում եմ, սրանք հարցեր են, որոնց պատասխանը պիտի տա պաշտոնական Երեւանը։ Այլապես, ջրիկ հայտարարություններով, հերոսական պաթոսով, «մենք թշնամուն տալու հող չունենք» հռետորաբանությամբ, իրական մարտահրավերները չեն լուծվելու։
– Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ձեր հարցին` ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի արած այն հայտարարության մասին, որ Արցախի հարցի կարգավորման գործընթացում քննարկվում է հարցի փուլայն լուծման տարբերակը: Գոհացրե՞ց վարչապետի պատասխանը, Ձեզ համար հստակ եղա՞վ` փուլային տարբերակը քննարկվո՞ւմ է, թե՝ ոչ:
– Արցախի հիմնախնդրի վերաբերյալ վարչապետը բավականին փակագծեր բացեց, որոշակի մտահոգություններ ցրվեցին, բայց հարցի պատասխանը` արդյոք այս պահին քննարկվում է Սերգեյ Լավրովի ասած փուլային տարբերակը, բնականաբար, չհնչեց: Այդուհանդերձ, կարծում եմ, հնչեց ամենակարեւորը` անկախ նրանից, թե ո՞վ եւ ի՞նչ օրակարգ է բերում եւ դնում բանակցային սեղանին, հայկական դիրքորոշումը, արցախյան դիրքորոշումը սա է` ցանկացած լուծում պիտի քննարկվի հանրության եւ քաղաքական ուժերի հետ:
– Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, վարչապետն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում: «Ուրիշ բան է մի երկիր, որ բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր, եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ինչպե՞ս հասկանալ:
– Անկեղծ ասած, վարչապետի այդ հայտարարությունը շատ շոկային էր: Ստացվում է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանում արտաքին քաղաքականություն չի վարվել եւ հիմա նոր զրոյից է ստեղծվում: Ես կարծում եմ, այս հայտարարությունը բավականին ռիսկային հայտարարություն է: Այն լրացուցիչ պարզաբանման կարիք ունի:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2020