Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանը մարզամշակութային օբյեկտների վերանորոգման, վերակառուցման ծրագրերը ներկայացնելիս` ասաց, որ 2016 թ. օլիմպիական խաղերի ժամանակ 2-րդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանն, ամենայն հավանականությամբ, ոսկե մեդալ կստանա, քանի առաջին տեղի մարզիկը իրենց տեղեկություններով` որակազրկվել է դոպինգի պատճառով:
Նշենք, որ այսօր, կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2020 թ. հաստատված բյուջեով «Կրթություն» բաժնի կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների շրջանակներում իրականացվող «Մասսայական սպորտ» ծրագրի «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման հատկացումներից 743 միլիոն 769 հազար դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական եւ մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:
«Սրանով մի շարք կառույցների ավարտական փուլի համար գումարներ ենք հատկացնում, մասնավորապես՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին, Վարդենիսի միջնակարգ դպրոցին, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջին»,-ասաց պարոն Հարությունյանը: Նրա համոզմամբ, կարեւոր է Արմավիրի մարզում ծանրամարտի մարզադահլիճ կառուցելը: Ըստ նախարարի, այդ գումարից նախագծահետազոտական ծախսերի համար հատկացվում է 464 միլիոն 925 հազար դրամ, իսկ շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար՝ 278 միլիոն 843 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ