Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նման է իսկական հրաշքի». Ենոքավանի տարածքում WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել

Մայիս 07,2020 13:25

Ընձառյուծի վերադարձն իր պատմական ապրելավայր

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։

Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է․ «Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1% հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է, որ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»:

Հիշեցնենք, որ 2002 թվականից WWF-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ  իրականացնում է  Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։  Հետագայում ծրագրին միացել են նաև մի շարք այլ գործընկեր կառույցներ։

Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ըստ մի շարք տվյալների, 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված  է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

WWF Հայաստան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031